• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 02:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:11, 29 Հուլիս 2025

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին

Աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների ներկայիս շրջանում Հարավային Կովկասը կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո առաջանում են հարցեր ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունների, Միջին միջանցքի աճող կարևորության և տարանցիկ երկրների դերակատարության վերաբերյալ: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն են ստանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխհարաբերությունները, որոնք ձևավորում են տարածաշրջանի ապագա զարգացման ուղղությունները: Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին՝ վերլուծելով այս բարդ երևույթների փոխկապակցվածությունը և Հայաստանի հեռանկարներն այս նոր իրողություններում:

 

-Հաշվի առնելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ՝ արդյո՞ք տեսնում եք Վաշինգտոնի մոտեցման փոփոխություն տարածաշրջանի նկատմամբ: Ձեր կարծիքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ը կկարողանա՞ն ներդաշնակ քաղականություն վարել այստեղ, թե՞, այնուամենայնիվ, Թուրքիան որոշ հարցերում կհակադրվի ԱՄՆ քաղաքականությանը։

-Հայաստանի վրա ազդեցություն ունեցող և նրա շուրջը՝ ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ես կապում եմ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական այն մեծ փոփոխությունների հետ, որոնք պայմանավորված են Երկիր մոլորակի հետագա «կառավարման» վերաբերյալ գերտերությունների դիրքորոշումների ու ազդեցության գոտիների հստակեցմամբ և մյուս երկրների կողմից գոյատևման համար մղվող պայքարի հարկադրվածությամբ։

Բանն այն է, որ նույն ամերիկյան, ինչպես նաև այլ պետությունների մասնագիտական կառույցների համար վաղուց արդեն պարզ է, որ մեր ընդհանուր մոլորակի հանդեպ առկա վերաբերմունքը և տեղի ունեցող բնական երևույթները սպառնալիքներ են առաջացնում, որոնք կարող են վտանգել ոչ միայն առանձին պետությունների ու կառավարությունների, այլև՝ ողջ մարդկության ապագան։ Ուստի կարողունակ կենտրոնների կողմից փորձեր են արվում մի կողմից՝ ներկայիս ռազմաքաղաքական պայքարի տարբեր մեթոդներով փորձել պահպանել ունեցած ազդեցության տիրույթը և նույնիսկ ընդլայնել այն՝ ձեռք բերելու ռեսուրսների (այդ թվում՝ խմելու ջրի, նավթի, հազվագյուտ մետաղների) նոր աղբյուրներ, մյուս կողմից՝ զսպել նույնատիպ վարք դրսևորող մրցակիցների հավակնությունները։

Թերևս այսկերպ կարող ենք բացատրել նախորդ 2 տասնամյակներում և հատկապես վերջին 5 տարիներին Հարավային Կովկասում ու, ընդհանրապես, աշխարհում տեղի ունեցողը։ Ակնհայտորեն՝ Միացյալ Նահանգների վարքագիծը նշածս պայքարի տրամաբանության մեջ է, ինչը ենթադրում է Արևելք-Արևմուտք տնտեսական շղթաների նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության հաստատում և ազդեցության մեծացում ապագայի համար անհրաժեշտ ռեսուրսներով հարուստ և տարանցիկ տարածաշրջաններում։

Այս համատեքստում Վաշինգտոնի մոտեցման փոփոխություն, իմ գնահատմամբ, տեղի չի ունեցել, բացառությամբ այն հանգամանքի, որ նախագահ Թրամփը որոշել է արագացնել ամերիկյան ազդեցության տարածումը՝ վերոնշյալ մրցակցությունից հետ չընկնելու համար։ Հարավկովկասյան տարածաշրջանն այս առումով ԱՄՆ-ին հետաքրքիր է առաջին հերթին իր խաչմերուկային դիրքով, և առանց այստեղ էական ազդեցության՝ հնարավոր չէ պատկերացնել տարանցման նկատմամբ վերահսկողություն։ Ուստի Միացյալ Նահանգները շարունակելու են այս և տարանցիկ նշանակություն ունեցող ու ռեսուրսներով հարուստ այլ տարածաշրջաններում էական ազդեցության երաշխավորմանն ուղղված ջանքերը։

Թուրքիան իր հերթին փորձում է ապահովել անհրաժեշտ կեսապայմաններ՝ վարելով առավել ճկուն քաղաքականություն։ Ռազմավարական առումով Անկարային ձեռնտու է ամերիկյան «հաղթարշավը», ինչը Թուրքիային կդարձնի տարանցիկ կարևոր հանգույց և առանցքային գործընկեր այս տարածաշրջանում։ Եվ որքան էլ Անկարան փորձի սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի և Չինաստանի հետ, ակնհայտ է, որ ամերիկյան շահերն անտեսելու ոչ հնարավորություն ունի, ոչ էլ՝ ցանկություն։

Բացի այդ, Թուրքիայի դեպքում առկա են մի շարք հարցեր և դրանցում, առաջին հերթին, քրդական անջատողական սպառնալիքները, իսրայելական ռազմավարական առաջխաղացումները, որոնցում ամերիկյան կոշտ մոտեցումները կարող են պարզապես կործանարար լինել։ Ուստի Թուրքիան, ի դեմս նախագահ Էրդողանի, ամեն կերպ ձգտելու է չհակադրվել ամերիկյան ներկայիս քաղաքականությանը։

-Քանի որ Միջին միջանցքի (Չինաստան-Եվրոպա) կարևորությունը, կարծեք, առաջին պլան է մղվում, ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կարող են առաջանալ Հարավային Կովկասի համար այս համատեքստում: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանան Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերություններն այս գործընթացում:

-Ուղիղ պատասխանելու դեպքում որպես հնարավորություն կարող ենք դիտարկել տարանցիկ նշանակության մեծացումը և, դրա շրջանակներում, կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ուժգնացումը։ Ռիսկերի շարքին կարող ենք դասել այդ նույն տարանցիկության համար մրցակցության աճը Միջին միջանցքի և Հյուսիս-հարավի շահառուների և այդ երկուսի հակառակորդների միջև, ինչը պարբերաբար անվտանգային ռիսկեր կարող է առաջացնել Հարավային Կովկասում։

Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խնդիրն այն է, որ ոչ միշտ են կողմերի մոտեցումները համընկնում, և յուրաքանչյուրը փորձում է իր համար առավելագույնը ձեռք բերել, այդ թվում՝ մյուսի հաշվին։ Բացի այդ, ոչ բոլոր կողմերն են շահագրգռված հարևանների բարեկեցությամբ, ինչպես, օրինակ, Ադրբեջանը, որին բնավ ձեռնտու չէ Հայաստանի «տարանցիկությունը» և ինքնիշխան զարգացումը։ Եվ եթե Թուրքիայի պարագայում Հայաստանի զարգացումը մտահոգիչ չէ և չի կարող իր համար սպառնալիք դառնալ, ապա Ադրբեջանի դեպքում կասկածի տակ է դրվում նույնիսկ Հայաստան պետության գոյությունը և տարածքային ամբողջականությունը։ Այս պայմաններում դժվար է պատկերացնել երկկողմ կամ եռակողմ հարթությունում կայուն կերպով ցանկացած խոշոր տնտեսական ծրագրի գործարկում։

Ավելին, Հայաստանի և Թուրքիայի միջև գործակցության ակտիվացումը հղի է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգի մեծացմամբ. Բաքուն ինչպես նախկինում (2009թ.` «ֆուտբոլային դիվանագիտություն, 2014թ.՝ «օգոստոսյան մարտեր», 2022թ.` ներխուժում Ջերմուկի ուղղությամբ և այլն), այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին։

-Թուրքիան երկար ժամանակ հանդես է բերել նախաձեռնություններ, որոնք ուղղված են Ասիայի և Եվրոպայի միջև անխափան առևտրային և տրանսպորտային հաղորդակցության ապահովմանը: Այս համատեքստում ի՞նչ ապագա է խոստանում Անկարայի ռազմավարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունների տեսանկյունից:

-Առաջին հարցին ի պատասխան նշածս տրամաբանության շրջանակներում յուրաքանչյուր պետություն փորձում է բարձրացնել իր տարածքի և պետականության նշանակությունը՝ նոր աշխարհակարգի պայմաններում իր դիրքերն ամրապնդելու և երկարաժամկետ հեռանկար ապահովելու նպատակով։ Թուրքիան իր քաղաքական ու տնտեսական կայունությունը դեռ տասնամյակներ առաջ պատկերացրել է տարանցիկ կարևոր հանգույց դառնալու մեջ։ Բազմաթիվ ծրագրեր այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են, որոշներն էլ մշակման կամ ընթացքի մեջ են։

Դեռ 2023թ. սեպտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «տարածաշրջանի տնտեսական միջանցքներն անհնար են առանց Թուրքիայի»։ Բնականաբար, իր գոյաբանական խնդրի լուծումը հենց հանգույցի տրամաբանության մեջ պատկերացնող այդ երկիրը փորձելու է ամեն կերպ կառչել այս տարածաշրջանով անցնելիք հաղորդակցության ցանկացած ծրագրից՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով դիմել նույնիսկ ռազմական տարբերակին, ինչպես արվել է Սիրիայի և Իրաքի դեպքում։

Տվյալ դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկը» լիովին բխում է նաև Թուրքիայի շահերից և բնավ չի հակառակվում նրա տնտեսական ռազմավարությանը, ուստի երկու երկրների համատեղ ջանքերը և մյուս հարևաններին այդ ծրագրին մասնակից դարձնելը կարող են ճեղքում առաջացնել գործընթացում։ Խնդիրը շարունակում է մնալ Ադրբեջանը, որը, փաստորեն, շրջափակման մեջ է պահում ոչ միայն Հայաստանը, այլև՝ Թուրքիան։

-Այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը Թուրքիայից։

-Հայաստանի Հանրապետությունն արտաքին հարթությունում կարծես անում է առավելագույնը՝ թափանցիկորեն ներկայացնելով իր դիրքորոշումը, հաշվի առնելով մյուսների շահերն ու ազնիվ մղումներով ջանքեր գործադրելով հանուն խաղաղության։ Սակայն հաշվի առնելով ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը, շարունակաբար մեծ քանակությամբ հարձակողական զենքի ձեռքբերումները և Հայաստանի հանդեպ տարածքային անընդմեջ պահանջներն ու նախապայմանները՝ ակնհայտ է, որ այդ երկիրը և, գուցե, նրա որոշ աջակիցներ, այլ կերպ են պատկերացնում տարածաշրջանային հարաբերություններն ու վերահսկողությունը։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև առերևույթ «եղբայրական», «դաշնակցային» հարաբերություններն իրականում գործընկերային են մի շարք ոլորտներում, առկա են ընդհանուր շահեր, սակայն հակասություններն էլ քիչ չեն։ Թուրքիան Ադրբեջանից ունի որոշակի տնտեսական կախում, ինչից ձերբազատում դեռևս նկատելի չէ, և Հայաստանի ակնկալիքն է, որ Թուրքիան կկարողանա ի վերջո տարանջատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Այստեղ պետք է հիշել, որ Թուրքիան միակողմանի է փակել Հայաստանի հետ սահմանը՝ դա պայմանավորելով Լեռնային Ղարաբաղի խնդրով, և այսօր այդ սահմանը փակ պահելու հիմնավոր պատճառ թուրքական կողմը չունի։

Ադրբեջանական գործոնն ինչպես բացասաբար է անդրադառնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա և պարբերաբար տապալում է այդ կարգավորման փորձերը, նույն կերպ էլ ներկայումս է փորձում թույլ չտալ խոշոր ծրագրերի իրագործում, որոնք կարող ենք բարելավել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, ինչը ձեռնտու չէ նաև Ադրբեջանում մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանին ու Իսրայելին, որոնք տարանցիկության և հակամարտությունների վերաբերյալ այլ մոտեցումներ ունեն, և նրանց շահերից չի բխում Հայաստան-Թուրքիա ուղիղ գործակցությունը։

Այս պարագայում ցանկալին և հաջողությանը նպաստողը կարող է լինել Թուրքիայի ձերբազատումն ադրբեջանական լծակներից ու առավել մեծ ճնշումն Ադրբեջանի վրա՝ զսպելու նրա ագրեսիվ վարքագիծը և տարածաշրջանային համագործակցության տապալման փորձերը։ Ադրբեջանին հատկապես իսրայելական ազդեցությունից դուրս բերելու պարագայում միայն հնարավոր կլինի նրան կառուցողական համագործակցության մղել։

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին
16:39, 23 հուն
Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել
Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել

Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Կայացել է Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց
Կայացել է Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։

Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ
Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}