Հարցազրույց14:17, 31 Հուլիս 2025
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալան, ով նաև հանդիսանում է «Anadolu Kültür» մշակութային կազմակերպության ղեկավարը, հարցազրույց է տվել թուրքական «Bianet» լրատվակայքին։
Հարցազրույցի ընթացքում վերջինս անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Տեղեկացնենք, որ Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար:
Քավալան, պատասխանելով տարիներ առաջ Անիի կամրջի վերականգմանը միտված և իր ղեկավարությամբ ձեռնարկված քաղաքացիական նախաձեռնություններից մեկի՝ «Anadolu Kültür»-ի, և ներկայումս այս հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին, ասել է.
«Անին շատ յուրահատուկ վայր է, որտեղ ճարտարապետական պատմության տեսանկյունից շատ կարևոր հուշարձանային կառույցներ մոտ հազար տարի պահպանվել են։ Պատմական Անիի մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում։
Վերականգնվելիք կամուրջը, թեև հուշարձանային կառույց չի համարվում, սակայն հենց սահմանին գտնվելու պատճառով ունի շատ ուժեղ խորհրդանշական նշանակություն։ Անիի կամրջի վերականգնման նախագիծը տարիներ առաջ «TEPAV»-ի կողմից ներկայացվել էր մշակույթի նախարարությանը, սակայն երկու երկրների հարաբերությունների վիճակը դրա իրագործման համար նպաստավոր չէր»
Վերջինիս խոսքով՝ առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանը բացելու քաղաքական կամքի, կամրջի վերականգնումը մեծ նշանակություն չէր ունենա։
«Այս նախագծի այսօր կյանքի կոչվելը կոնկրետ նշան է, որ կարգավորման գործընթաց է սկսվելու։ Կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների և սահմանային անցումների բացման հետ մեկտեղ կամրջի վերականգնումը կարևոր դրական ազդեցություն կունենա»:
Ըստ Քավալայի՝ արդեն իսկ վերացել են այն պատճառները, որոնց համար Թուրքիան փակել էր սահմանը։
Հասարակական գործչի խոսքով՝ քանի որ Անին համարվում էր ռազմական արգելված գոտի, մինչև 2004-ն իրենց քաղաքացիները Անի այցելելու համար պետք է թույլտվություն ստանային Կարսի նահանգապետարանից։
Բացի այդ նշում է, որ որոշ վայրերում կատարվել էին ոչ լայնածավալ պեղումներ, իսկ պատմական կառույցների հետ կապված առաջին աշխատանքը կատարվել էր 2008-ին։
«Շադդադյանների ժամանակաշրջանում կառավարիչ եղած Մանուչեհրի անունը կրող 13-րդ դարի կառույցը վերականգնվել էր։ 2011 թվականին մշակույթի նախարարության և «World Monuments Fund»-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում սկսվեցին Անիի ամենակարևոր հուշարձանային կառույցի՝ 10-րդ դարի Մայր տաճարի և Սուրբ Փրկիչ եկեղեցու վերականգնման նախագծերը։ Մենք՝ որպես «Anadolu Kültür», այս համագործակցությունը հեշտացնելու դեր ենք ունեցել»,-ասել է նա:
Քավալան պատմում է, որ նախագծի ընթացքում Հայաստանի մասնագետներն անհանգստանում էին, քանի որ չգիտեին, թե ինչ աշխատանք է կատարվում։
Սակայն նախագծերը պատրաստող և իրականացնող ճարտարապետ Յավուզ Օզքայայի վերականգնման ոլորտում ունեցած փորձը, կարողությունները, պատրաստվածությունը և երկխոսության բաց աշխատանքային մեթոդն օգնեցին հաղթահարել այդ մտահոգությունները:
«Եվ Անիի կառույցների գիտական սկզբունքներին համապատասխան վերականգնումը դարձավ մեր ընդհանուր նպատակը»:
Քավալն ընդգծում է, որ թեև դիվանագիտական հարաբերություններ չկային, մշակույթի նախարարությունը թույլ տվեց, որ Հայաստանից մասնագետներ մասնակցեն Անիում իրականացվող գնահատման աշխատանքներին, և Հայաստանի կառավարությունն էլ աջակցեց մասնագետներ ուղարկելուն։
«2016-ի հուլիսին՝ հեղաշրջման փորձի օրերին, Ստամբուլում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաքին մշակույթի նախարարության՝ Անին համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու առաջարկին Հայաստանի կողմից ուժեղ աջակցություն ցուցաբերվեց»,-ասում է թուրք գործիչը:
Նա հավելում է նաև, որ այդ օրվանից հետո իրենք շարունակել են Անիի համատեղ ներկայացման աշխատանքները, իսկ Հայաստանից, Ամերիկայից և իրենց երկրից մասնագետների մասնակցությամբ պատրաստվել է Անիի մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրող եռալեզու բջջային հավելված։
«Կարճ ասած՝ կամրջի մեր կողմում բավական համագործակցության փորձ կուտակվեց։ Կամրջի վերականգնումը տարիներ շարունակ մասնագետների միջև ստեղծված այս գիտական կամուրջները ևս ավելի իմաստալից կդարձնի:
Իմ երազանքն այն է, որ Անիի կամրջի մյուս կողմում՝ Հայաստանի հատվածն էլ ընդգրկող, ազատ գոտու կարգավիճակով Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»,-նշում է Քավալան:
Բացի այդ վերջինս վստահություն է հայտնել, որ սա, բացի ժողովուրդների միջև հարաբերությունների վրա դրական ազդեցություն ունենալուց, նաև զարգացենելու է տուրիզմը և մեծապես նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը:
Անդրադառնալով արդեն հայ-թուրքական հարաբերություններին՝ Քավալան նշել է.
«Պետությունը ղեկավարողները գործում են ռազմավարական շահերի շրջանակում, սա հայտնի փաստ է։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղյան խնդրի բռնկումից հետո, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց չեղավ, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կառավարությունների կողմից կոնկրետ քաղաքական քայլ չձեռնարկվեց»։
Նա պատմում է նաև, որ 2009-ին Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունը մնաց անկատար՝ այդպես էլ ուժի մեջ չմտնելով, սակայն երկու ժողովուրդների միջև դրական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ է, որ կառավարությունները քաղաքական և դիվանագիտական քայլեր ձեռնարկեն:
«Բայց դա բավարար չէ։ Երկու հասարակությունների միջև կան անցյալից եկող ցավալի հիշողություններ։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմում Թուրքիայի ակտիվ աջակցությունն Ադրբեջանին, կարելի է հեշտությամբ ենթադրել, որ Հայաստանի հասարակության մի մասում Թուրքիայի և թուրքերի նկատմամբ առկա նախապաշարմունքներն ավելի է խորացրել»,-հավելում է վերջինս
Բացի այդ Քավալան հավելում է մեկ այլ բացասական գործոն, որը, ըստ նրա, ներկայումս քաղաքական հարաբերությունները մեկնարկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական աջակցության նվազումն է, ինչպես նաև այն, որ նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կրած պարտության համար։
Հայաստանում պարտության զգացողությունը, Ղարաբաղից փախած բնակչության ապրած հոգեկան ցնցումները (տրավմա) նույնպես բացասաբար կազդեն ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման վրա»,- նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ եթե Թուրքիայի առաջնահերթությունը Հայաստանի հետ իրական խաղաղություն հաստատելն է, ապա այս փուլում Հայաստանից լրացուցիչ պահանջների հարցում չափազանց կարևոր է զգույշ և հավասարակշռված քաղաքականություն վարել։
«Օրինակ, եթե Թուրքիան կարգավորման պայման դնի Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը, այնպիսի ձևակերպմամբ, որ դա ընկալվի որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում, դա Հայաստանում ավելի մեծ բացասական արձագանք կառաջացնի»:
Նա հավելում է նաև, որ այդ միջանցքը 100 տարով կարող է վարձակալության հանձնվել ԱՄՆ-ին և գործարկվել ԱՄՆ-ի կողմից։
«Այս առաջարկը ներկայացրել է Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։ Եթե նման մոդել կիրառվի, ապա հետագայում դա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ նաև Սիրիայի համար»,-շեշտում է Քավալան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իրաքի վարչապետը անդրադարձել է Թուրքիայում քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վերջին հայտարարությանը և Թուրքիայի զորքերի դուրսբերմանը։
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Օրակարգում են լինելու առևտրի, ներդրումների, անցակետերի, կապալառության, լոգիստիկայի, փոխադրումների, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |