Հոդված15:55, 24 Ապրիլ 2025
Բոսֆորի ափին և Ծիծեռնակաբերդում

Թուրքը հիմա Բոսֆորի ափին զվարթ դեմքով թարմ ձուկ է ուտում և ռաքը խմում: Իր հզոր երկրի կենացը խմում: Նա ապրում է ներկայով` առանց անցյալի ծանր բեռը զգալու։
Իսկ հայը մռայլ դեմքով դանդաղ ու ծանր բարձրանում է Ծիծեռնակաբերդ` ձեռքին ծաղիկ, սրտում սուգ: Հայի երկիրը չունի ոչ նեղուց, ոչ ծովափ, իսկ հզորության մասին խոսք չկա: Գոնե առայժմ։
Երկու ծայրահեղ հակադիր իրականության մեջ ապրող երկու ժողովուրդ: Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը: Այստեղ չհաղթահարված ողբերգություն կա, այնտեղ` չմարսված ոճրագործություն:
- Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք:
- Մեր հին թշնամու եղունգների տակ,
Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում:
Կասեր Պարույր Սևակը:
Բայց այդ մկրատը չի գտնվելու, այդ եղունգը չի կտրվելու, քանի դեռ հայի երկրում կան չափման միավորներ միայն սուգը չափելու համար, թե ինչքան խորն է, թե ինչքան ծանր է: Փոխարենը չկան ռազմավարական հեռատեսության, ծրագրված գործողությունների ու վերջնական նպատակի ռացիոնալ հաշվարկներ: Իսկ եթե անգամ կան էլ, ապա ոչ շոշափելի են, ոչ էլ տեսանելի, թերևս արդեն 110 տարի:
Այդ ընթացքում հայությունը հասցրել է բաժանվել հատվածների և իրար չափել «թրքասեր» ու «թրքատյաց» պիտակներով: Ովքեր ասել են` պետք է թուրքերի հետ լեզու գտնել, տեղնուտեղը հռչակվել են թրքասերներ: Ովքեր ասել են` չպետք է մոռանանք թուրքերի արածը, իսկույն հռչակվել են թրքատյացներ: Մարդիկ չեն հասցնում մինչև վերջ խոսել, բացատրել իրենց ասելիքը, միանգամից հանրային պարսավանքը փակում է նրանց բերանը:
Հավատացե՛ք, սա ծանր էմոցիոնալ բեռ է, որն իր տակ անխնա ճզմում է իրար հասկանալու վտիտ շանսերը: Չի թողնում, որ նախ հասկանանք իրար, հետո նոր` թուրքերի հետ հարաբերվելու ձևը:
Վիլյամ Սարոյանն ասում էր. «Երկրորդ համաշխարհային պատերազմեն վերջ գերմանացիներու մեծ մաս դատապարտեց ֆաշիզմ, խոստովանեցավ իր չարագործություն։ Եվ ատ իր առողջության նշան է։ Թուրք այդ չըրավ»։
Եվ առ այսօր չի անում։ Առողջացման ոչ մի նշան։ Մենք էլ թուրքին սիրելը կամ ատելը դարձրել ենք քաղաքական կատեգորիա ու մեր գլխին սարքել իսկական փորձանք: Մինչդեռ թուրքին սիրելու կամ ատելու հարցը չէ, որ պիտի լիներ մեր օրակարգում: Իսկ գուցե պետք էր միայն հաշվարկե՞լ: Ռացիոնալ խորատեսությամբ հաշվարկել մեր անելիքները` ինչպես ամրանալ, ինչպես պահանջել ու ինչպես ստանալ: Ի վերջո, ինչպե՞ս անել, որ Ծիծեռնակաբերդը չլինի միայն հայերի սգո բարձունքը, այլև դառնա մարդկության խղճի հուշարձանը։ Այդ թվում նաև թուրքերի:
Բայց մենք չենք արել այդ հաշվարկները: Ատել ենք առանց հաշվարկի, կամ սիրել ենք առանց ինքնասիրության: Դրա համար էլ մեր սուգը երկարատև է, որի առաջ կամ անզոր ենք, կամ ոչ ադեկվատ, կամ երկուսը միասին։
Ընդհանրապես ադեկվատության պակաս քիչ չի հանդիպում մեր պատմության դրվագներում: Օրինակ՝ 1918թ. Տրապիզոնի բանակցություններում հայկական պատվիրակությունը 90 հոգով էր գնացել բանակցելու թուրքերի հետ: Դրսևորված այդ անադեկվատությունը ստացել էր հեգնական արձագանք թուրքերի կողմից. «Եթե եկել եք հողերը հետ գրավելու, ապա քիչ եք, եթե եկել եք բանակցելու, ապա շատ եք»:
Մեր պաթոսն ու էմոցիոնալ գերդոզան հաճախ են մեզ կտրել իրականությունից ու տարել-տեղավորել մեկ այլ՝ պատրանքային իրականության մեջ: Արդյունքում մենք ապրել ենք ոչ թե այն իրականությունում, որն առաջ է գնում, փոխվում է, այլ այն, որը կուզենայինք ունենալ։
Անընդհատ դեգերել ենք փակ դռների առաջ ու մեզ թվացել է, որ եթե բավականաչափ բուռն հուզվենք, դռները կբացվեն։ Դուրս ենք մնացել իրական քաղաքական գործընթացներից ու չենք կարողացել կառուցել այնպիսի մոտեցումներ, որոնց հիմքը կլիներ ոչ թե տաք հույզը, այլ՝ սառը դատողությունը։
Ասում են` հանգիստ ծովում երբեք հմուտ նավաստի չեն դառնում:
Միայն սգալով մեր վերքը չի բուժվի: Մեզ պետք է առանց էմոցիաների հմուտ նավարկել այնքան, մինչև հասնենք ափ: Բոսֆորի ափ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |