Հարցազրույց11:18, 24 Հունիս 2021
Թուրքական մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերը Էրդողանի ռեժիմի գլխացավանքն է

Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում YouTube վիդեոպորտալում տեղադրած իր մի շարք տեսանյութերով վերջերս ցնցել է ողջ Թուրքիան` դառնալով Էրդողանի ռեժիմի գլխացավանքը։
Նա թուրք հայտնի պետական գործիչներին (նախկին ու ներկա) մեղադրում է հանցագործություններ, սպանություններ, բռնաբարություներ, կոռուպցիոն գործարքներ կատարելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ:
Ermenihaber.am-ը այդ թեմայի շուրջ զրուցել է ծագումով հայ շվեյցարաբնակ ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզի հետ:
- Ո՞վ է Սեդաթ Փեքերը: Ի՞նչ հայացքներ ունի նա:
- Քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերին ճիշտ բնութագրելու համար նախ պիտի տեսնել, թե ովքեր են իր գաղափարական հայրերը և ինչ ընդհանրություններ նրանք ունեն: Դրանք են. Աբդուլլահ Չաթլըն, Մուհսին Յազըջըօղլուն, Ալաաթթին Չաքըջըն, Օրալ Չելիքը, Մեհմեթ Շեները, Մեհմեթ Ալի Աղջան, Հալուք Քըրջըն, Հրանտ Դինքին սպանողները՝ Յասին Հայալը, Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը և արյունարբու ֆաշիստ Օնուր Գենջերը, ով 2021թ. հունիսի 17-ին, հարձակվելով Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Իզմիրի նահանգային կառույցի վրա, սպանեց Դենիզ Փոյրազին:
Այս ցանկը դեռ հնարավոր է համալրել տասնյակներով և նույնիսկ հարյուրներով: Բոլորի որջը Թուրքիայում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունն (ԱՇԿ-MHP) է և այդ կուսակցության հովանավորության տակ գտնվող «Գաղափարապաշտների օջախները»: Բոլորն իրենց ազգայնական, պանթյուրքիստ և թուրանիստ են համարում, ինչպես և Սեդաթ Փեքերը: Նրանք ասում են. «Մենք Բաշբուղի զավակներն ենք, այս հայրենիքի ֆիդայիները, խենթերը: Մենք ստեղծելու ենք թուրք-իսլամական միություն»:
Սեդաթ Փեքերը հանցավոր կազմակերպություններից միայն մեկի պարագլուխն է, որին օգտագործում են Թուրքիայի կեղտոտ ու մութ օպերացիաներում: Թուրքիան վերածվել է հանցավոր կազմակերպությունների «դրախտի»: Հանցավոր կազմակերպությունների ձեռքն են անցել բոլոր փողոցները, թաղամասերը, նահանգները, գյուղաքաղաքները և շրջանները: Այս հանցավոր կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալում են պետության գիտության և վերահսկողության ներքո:
Այս կառույցները, որոնք դարձել են պետության պահեստային ուժերը, միևնույն ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունների գլխավորած իշխանության համար վերածվել են քաղաքացիական ռազմական ուժերի և մի ներուժի, որն ընտրություններին քվե է ապահովում: Սեդաթ Փեքերը ընտրությունների շրջանում «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքին աջակցելու նպատակով հանրահավաքներ էր կազմակերպել և սպառնացել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին: 2016թ. հունվարին Փեքերը 1128 մտավորականի նախաձեռնությամբ հիմնված «Գիտնականներ՝ խաղաղության համար» խմբի անդամներին հետևյալ խոսքերով էր սպառնացել. «Ձեզ արյունաքամ ենք անելու և ձեր հոսող արյունով ցնցուղ ենք ընդունելու»:
- Քրեական հեղինակություն Փեքերի բացահայտումները ցնցել են ողջ Թուրքիան: Ինչո՞ւ հենց հիմա Փեքերը դիմեց նման քայլի:
- Հարցին պատասխանելու համար, թե ինչու հենց հիմա, հարկ է նկատել, որ կազմակերպված հանցավոր կազմակերպությունները սովորական հանցավոր խունտաներից վերածվել են գրեթե պետականացված մաֆիայի: Այդ մաֆիան հանցագործություններ է կատարում պետության հարատևության համար։ Արտերկրում (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում) մասնակցել և մասնակցում է ռազմական գործողությունների, քաղաքական, տնտեսական գործունեություններ է ծավալում թյուրքական հանրապետություններում, Թուրքիայի ներսում միլիարդավոր դոլարների չափով ապօրինի գործունեությամբ է զբաղվում և ամենակարևորը. վերահսկում է թմրանյութերի վաճառքը, որը երկրի տաք փողերի աղբյուրն է: Այս ամենը մանրակրկտորեն նշվում է Սեդաթ Փեքերի արած հայտարարություններում:
Այստեղից է սկսվում իրական խնդիրը: Խնդիրը ռենտայի և ուժի բաժանումն է: Դա ռենտայի բաժանման պատերազմ է թուրքական պետության մաֆիոզ ուժերի և այս ֆաշիստական մութ ուժերի միջև, որոնք պետության հարատևման համար ասում են՝ «Մենք այս հայրենիքի ֆիդայիներն ենք»:
Միլիարդավոր դոլարներով ռենտայի բաժանումն իրականացնում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և վերջինիս հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) բոլոր տարրերը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, արդարադատության, բանակային, ոստիկանական ուժերը, մամուլը և այդ ամենը գլխավորող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այդ ռենտայի բաժանման կռվում կարմիր գծերը հատած Սեդաթ Փեքերը, որին պետական մաֆիոզ ուժերը ցանկացան ոչնչացնել, իր բացահայտումներով պատերազմ է հայտարարել իր նախկին հանցակիցներին: Փեքերը նախագիծ չէ, այլ թուրքական պետության հայելին է : Իր հայտարարություններից մեկում նա ասում է. «Մենք մի ընտանիք ենք, բոլորս մեղավոր ենք»: Իր գործած հանցանքները խոստովանելիս՝ ասում է, որ այդ գործերը բոլորը միասին են արել և միայն ինքը չէ մեղավոր:
Նորմալ ժողովրդավարական երկրում Սեդաթ Փեքերի հայտարարությունները և փաստարկները/պնդումները աղմկահարույց արձագանք կունենային, կառավարությունն անմիջապես հրաժարական կտար, պատասխանատուների դեմ քրեական գործեր կհարուցվեին:
Նրա հայտարարությունները խոստովանություն են այն մասին, թե ինչու չի լուծվել գործազրկության, աղքատության, ժողովրդավարացման, մարդու իրավունքների, ավազակախմբերի, կոռուպցիայի, խոսքի ազատության և քրդական հարցը, ինչպես նաև բացահայտում՝ մաֆիոզ պետության և պետականացված մաֆիայի վերաբերյալ:
- Փեքերին Թուրքիայի ներքաղաքական օրակարգ բերելու նախաձեռնությունը արդյո՞ք պատկանում է Թուրքիայի իշխանություններին, թե՞ ուղղորդվում է արտաքին դերակատարների կողմից:
- Չեմ կարծում, թե հնարավոր է, որ շատ ուժեղ լինեն Սեդաթ Փեքերի միջազգային կապերը: Իր ներկայացրած իրադարձությունների մեծ մասն ավելի վաղ հայտնի էին: Այստեղ միջազգային հանրության ուշադրությունը գրավում է այն, որ այդ հայտարարությունները, որոնք գրավում են միջազգային հանրության ուշադրությունը, անում է իշխանամետ, ազգայնական, թուրանիստ մաֆիայի պարագլուխը:
- Սեդաթ Փեքերը որևէ առնչություն ունի՞ հայկական թեմաների, այդ թվում Հրանտ Դինքի դատավարության հետ։
- Թուրքիայում կատարված բոլոր քաղաքական հանցագործությունները, անհետ կորածները, առանց օրինական դատավարության մահապատիժները, Հրանտ Դինքի և քրիստոնյա հոգևորականների դեմ ուղղված հանցագործությունները համատեղ պլանավորվել և իրականացվել են պետության անվտանգության ուժերի, հետախուզության և խունտաների կողմից:
Մեհմեթ Աղարը հայտնել էր, որ այն տարիներին, երբ ինքը զբաղեցնում էր գլխավոր ոստիկանապետի, արդարադատության նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնը, պետության անունից ավելի քան 1000 օպերացիա է իրականացրել: Թուրքիայի ներքին գործերի ներկայիս նախարար Սուլեյման Սոյլուն հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը Էրհան Թունջելին (Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է) վստահել էր Սեդաթ Փեքերին:
Այն դեպքում, երբ Սուլեյման Սոյլուն տիրապետում է այսպիսի տեղեկությունների և դրանց մասին չի հայտնում դատախազներին, մեզ մոտ կասկած է առաջանում, թե նա Հրանտ Դինքի սպանության և Թուրքիայում կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ուրիշ ինչ տեղեկությունների է տիրապետում:
- Որքանո՞վ եք արժանահավատ համարում նրա բացահայտումները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք թուրքական իշխանությունների վարկանիշի վրա։ Սույեյման Սոյլուին շարքից հանելուց հետո հնարավո՞ր է, որ հաջորդ թիրախում հայտնվի Էրդողանը:
- Սեդաթ Փեքերի պատմածների մեծ մասը հայտնի էր, սակայն հանրության իրազեկման տեսանկյունից նա պետք է պատմի այն, ինչն անհայտ է:
Անկախ նրանից, թե ինչ կպատմի Սեդաթ Փեքերը, չեմ կարծում, որ հնարավոր է այս միջավայրում (Թուրքիայում-խմբ.) որևէ արդյունք լինի: Երկրում իշխանության բոլոր կենտրոնները վերահսկվում և կառավարվում է մեկ մարդու կողմից: Երբ երկրի ճակատագիրը կախված է մեկ մարդու շուրթերից արտաբերված խոսքերից, սպասել, թե այլ բաներ տեղի կունենան, ուղղակի պատրանք է:
Էրդողանը, նախարարների կաբինետը, ինշանամերձ մամուլը, բանակը, դատախազները բոլորը միասին հայտարարեցին, որ աջակցում են Սուլեյման Սոյլուին: Սեդաթ Փեքերը մինչև այժմ Էրդողանի հասցեին լուրջ մեղադրանքներ չի հնչեցրել, փոխարենը վերջինիս դիմելիս, ասում է՝ «Թայիփ եղբայր»: Նա, Էրդողանին իր հավատարմությունը հայտնելով, և՛ ժամանակ է շահում, և՛ նաև խաղաղություն հաստատելու ուղիներ փնտրում:
Ըստ իս՝ Փեքերի ձեռքում հնարավոր է լուրջ փաստարկներ լինեն, որոնք կարող են օգտագործվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Օրինակ՝ Ալիևի և Էրդողանի բիզնես գործընկերությունը: Ադրբեջանի հանդեպ Էրդողանի սերը միայն նավթագազային առևտրից ստացված ռենտաներն են: Մեկ այլ հարց է արցախյան պատերազմի ժամանակ Էրդողանի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, ջիհադիստներին Արցախ ուղարկելը: Այս համատեքստում հայտնի են Սեդաթ Փեքերի սերտ կապերը Սիրիայում գործող թուրքոմանների խմբերի և ջիհադական կազմակերպությունների հետ: Վերոհիշյալի վերաբերյալ Սեդաթ Փեքերի արած հայատարարությունները միջազգային հարաբերություններում հնարավոր է նեղը գցեն Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |