Հարցազրույց11:11, 05 Դեկտեմբեր 2014
Բացառիկ հարցազրույց Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորի հետ

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած իր «The Cut» (Հատում) ֆիլմը: Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ըստ նախատեսվածի` ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում էկրան կբարձրանա դեկտեմբերի 5-ից:
«Հատում» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:
Մինչ թուրք և հայ հանդիսատեսի համար կինոդահլիճում ցուցադրվում էր ֆիլմը, աշխարհահռչակ ռեժիսորի հետ զրուցեցինք ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսի մասին: Ermenihaber.am-ի հետ զրույցում Աքընը պատմեց ստամբուլյան ցուցադրության կարևորության, ֆիլմի թեմայի և Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի ընկալման մասին:
«Ես ֆիլմը թուրքերի համար եմ նկարահանել»:
- Եվրոպայում ցուցադրվելուց հետո ֆիլմը վերջապես Ստամբուլում է:
- Ստամբուլում ֆիլմի ցուցադրումն ինձ համար առանձհատուկ կարևորություն ունի:
- Ինչու՞:
- Որովհետև իրականում ես այս ֆիլմը թուրքերի համար եմ նկարահանել, որպեսզի դիտենք, ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը:
- Կարելի՞ է ասել, որ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է:
- Ֆիլմը մի հայ դարբնի պատմությունն է, ով Ցեղասպանության ընթացքում կորցնում է իր ընտանիքը, ինքն էլ` աքսորվում: Նրան հաջողվում է ողջ մնալ: Տարիներ անց իմանում է, որ իր աղջիկները ողջ են ու երկար ճանապարհ է անցնում նրանց գտնելու համար: Ֆիլմի պատմությունը սա է: Ուստի, երբ ասում եմ` ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, նկատի ունեմ որ ցեղասպանության մասին պատմելու համար պետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարահանել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեման ծառայում է որպես «Background»: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպի Ցեղասպանություն:
- Հայոց ցեղասպանության հարցով ե՞րբ եք սկսել հետաքրքրվել:
- Երիտասարդությանս տարիներին: Երբ 18-20 տարեկան էի, իմացա, որ նման բան է եղել: Հետո սկսեցի ուսումնասիրել: Կարդում էի ձեռքս ընկած ամեն բան, ինչ կվերաբեր այդ թեմային, լիներ գիրք, փաստաթուղթ կամ թե պատմություն: Ի դեպ, բավականին շատ չհրապարակված պատմություններ կան, կարևոր պատմություններ: Պետք է բոլորն իմանան դրանց մասին:
- Ըստ Ձեզ` թուրք հանրությունը պատրա՞ստ է այս ֆիլմին:
- Ինքներդ տեսաք, թե ինչ բազմություն է հավաքվել:
«Չես ընդունում, մի ընդունիր, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր»:
- Սպասու՞մ էիք նման արձագանքի:
- Հույս ունեի, որ այսպես կլինի: Հիմա Թուրքիայում հանրությունը փոխվել է: Մի քանի տարի առաջ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը ազատորեն չէիր կարող ասել: Իսկ այսօր նույնիսկ թերթերում են գրում: Իմ կարծիքով դա կարևոր առաջխացաղում է: Այդ բառից չպետք է վախենալ: Ու բացի այդ ես այսպես եմ կարծում. «Դու չես ընդունում դա, մի ընդունիր, ես քեզ չեմ համոզում, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր»:
- Ունե՞ք այդ ազատությունը: Հարցազրույցներից մեկում ասել էիք՝ «Հանուն արվեստի արժե մեռնել»: Սպառնալիքներ ստանո՞ւմ եք:
- Սկզբնական շրջանում, այո, ստանում էի, իսկ հիմա լուրջ բան չկա: Միայն թե մերձավոր շրջապատս՝ ծնողներս, ընկերներս, շարունակ անհանգստանում են ինձ համար, իսկ դա ինձ լարվածություն մեջ է գցում: Բայց այդ լարվածությունն էլ է վերահսկելի:
«Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել»:
- Ըստ Ձեզ` ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրումը կունենա՞: - Աստված տա, որ ունենա: Նույնիսկ եթե ֆիլմը քիչ մարդու սրտին հասնի, միևնույն է, ողջ մարդկության համար դրական քայլ կլինի: Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել: Բայց շատ մարդ չի ցանկանում տեղեկանալ իր անցյալի մասին:
- Ֆիլմը Հայաստանում ցուցադրելու ծրագրեր ունե՞ք:
- Հայաստանից ես այս տարի ցուցադրելու հրավեր ստացա, սակայն վենետիկյան կինոփառատոնին մասնակցելու պատճառով չհասցրեցի: Աստծո հաջողությամբ 2015-ին կցուցադրվի: Կցանկանամ ֆիլմն անպայման տանել Երևան և հասցնել հայ հանդիսատեսին:
Հ. Գ. Հարցազրույցից հետո, պատմելով Հայաստան կատարած իր այցից, թուրք ռեժիսորն ասաց. «Իմ կյանքում շատ կարևոր օրերն են եղել, բայց ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ գնացի Ծիծեռնակաբերդ»:
Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |