Հոդված13:55, 15 Հուլիս 2025
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որը ցնցեց ողջ երկիրը։ Այն տևեց ընդամենը մի քանի ժամ, սակայն զուգորդվեց արյունալի բախումներով, որոնց ընթացքում սպանվեց 253 մարդ, վիրավորվեց՝ 2734-ը։
Թուրքիայի իշխանությունները թիրախավորեցին ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և գյուլենական շարժմանը՝ պնդելով, թե հենց գյուլենական ցանցն է փորձել տապալել երկրի օրինական կառավարությունը։
Այդ օրվանից անցել է արդեն 9 տարի, սակայն Թուրքիայում դեռ շարունակվում են գյուլենականների դեմ ուղղված գործողությունները։ Թուրքիայի ուժային կառույցներից, կրթական համակարգից, դատական մարմիններից և պետական մյուս կառույցներից տասնյակ հազարավոր մարդիկ գյուլենական համայնքի հետ ենթադրյալ կապերի համար ձերբակալվել կամ ազատվել են աշխատանքից:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հեղաշրջման փորձից մինչև այսօր Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) անդամներին բացահայտելու համար թուրք իրավապահներն ձերբակալել են 390.354 կասկածյալի, իսկ 113.837-ին՝ կալանավորել:
Հարկ է նշել, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանություններն ակտիվորեն որդեգրեցին ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականություն՝ այն դարձնելով թե՛ ներքին քաղաքական օրակարգի առանցք, թե՛ հանրային տրամադրությունները կառավարելու հիմնական գործիք։ Սա հնարավորություն է տվել իշխանություններին խստացնել վերահսկողությունը պետական համակարգի բոլոր ոլորտներում։ Կենսունակ պատրվակ է դարձել քաղաքական ընդդիմախոսների ձայնը լռեցնելու և ազատ խոսքի դաշտը սահմանափակելու համար՝ միաժամանակ դա ներկայացնելով որպես ազգային անվտանգության անխուսափելի պահանջ։
Ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ կիրառվող այս քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։ Հանրային աջակցությունը մեծապես ապահովվում է հենց այս կարգախոսի միջոցով, քանի որ հասարակության զգալի հատվածը շարունակում է վստահել ուժեղ երևացող իշխանությանը՝ ահաբեկչական սպառնալիքի դեմ անվտանգության երաշխիքներ ակնկալելով։
Չնայած ահաբեկչության դեմ պայքարը սկսվել էր հեղաշրջման փորձից ավելի վաղ, «առանց ահաբեկչության Թուրքիա» (Terörsüz Türkiye) կարգախոսը, որպես քաղաքական հռետորաբանություն, հայտնվեց շատ ավելի ուշ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին։ Այդ օրը՝ «Հաղթանակի տոնի» միջոցառման ժամանակ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտեց «ներքին ճակատի ամրապնդման» անհրաժեշտությունը՝ ակնարկելով ներքին թշնամիներին, որոնցից մեկն անուղղակիորեն ընկալվում է որպես հենց գյուլենական շարժումը։
Սույն կարգախոսը ավելի ուշ՝ 2025 թվականի մայիսի 20-ին, պաշտոնապես հնչեց Թուրքիայի խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից։ Նա հայտարարեց «առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացի սկիզբը։ Իսկ 2024-ի հոկտեմբերից սկսած՝ այն աստիճանաբար դարձավ պետության պաշտոնական քաղաքականություն։
Այսպիսով, «առանց ահաբեկչության Թուրքիա» կարգախոսը ձևավորվեց ոչ թե անմիջապես հեղաշրջման փորձից հետո, այլ տարիներ անց՝ որպես ավելի լայնամասշտաբ հակաահաբեկչական պայքարի գաղափարախոսություն։ Այն ներառում է ոչ միայն այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), այլև գյուլենականների, ԻՊ-ի («Իսլամական պետություն») և այլ կառույցների դեմ պայքարը։
Այս կարգախոսն ունի նաև ներքին քաղաքական նշանակություն։ Այն ծառայել է որպես հզոր գործիք իշխանության համար՝ ազգային անվտանգության մասին խոստումներով արդարացնելու ներքին ճնշումները, խոսքի ազատության սահմանափակումները և ընդդիմության դեմ պայքարը։ Հանրության զգալի հատվածի աչքում սա ընկալվում է որպես ազգային շահերի պաշտպանություն, ինչի շնորհիվ իշխանությանը հաջողվում է շարունակաբար համախմբել իր ընտրազանգվածը՝ ուժեղ պետության և անվտանգության խոստումներով։
Այսպիսով, «առանց ահաբեկչության Թուրքիա» կարգախոսը դարձել է իշխանության պահպանման կարևոր գործիք՝ թույլ տալով Թուրքիայի ղեկավարությանը մանևրել ժողովրդավարության սահմաններում՝ ամրապնդելով իր դիրքերը հետագա գործընթացներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |