• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 10:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:19, 02 Մայիս 2022

Դավիթ Հովհաննիսյան․ «Հայ-թուրքական կարգավորման գործընթացն իմիտացիայի տպավորություն է ստեղծում»

Դավիթ Հովհաննիսյան․ «Հայ-թուրքական կարգավորման գործընթացն իմիտացիայի տպավորություն է ստեղծում»

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական-հասարակական գործիչների, գիտնականների ու փորձագետների հետ։

Այսպիսով հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ հարցեր ենք ուղղել Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (Turkish-Armenian reconciliation commission- TARC) անդամ, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանին:

 

- Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր է ցանկանում Թուրքիան լուծել հարաբերությունների կարգավորմամբ:

-  Թուրքիայի ինչի՞ն է պետք հարաբերությունների կարգավորումը: Այդ հարցի պատասխանը չկա դեռ: Կան մակերեսին գտնվող պատասխաններ, որոնք դժվար թե լիովին մեզ բավարարեն: Մակերեսին գտնվող պատասխանի 2 տարբերակ կա: Պատերազմից հետո Թուրքիան գնահատում է, որ Ադրբեջանն արդեն իր նպատակին հասել է, այսինքն՝ Ադրբեջանի կողմից դիմադրություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանձնապես ուժեղ չի լինի, ինչը կարելի է և հաշվի չառնել: Սա մի տարբերակ: 

Երկրորդ տարբերակն այն է, որ պարտության հետևանքների օգտագործումը հնարավորինս ավելի արդյունավետ կլինի Թուրքիայի համար ավելի պոզիտիվ մթնոլորտում: Այս երկու տարբերակները կան, որոնք, ինչպես ասացի,  մակերեսին գտնվող պատասխաններն են: Մյուս կողմից, երբ ավելի լայն հորիզոններում ենք փորձում վերլուծել խնդիրը, ապա նորից նույն հարցն է՝ արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են Հայաստանին, թե՞ ավելի շատ վերաբերում են թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-եվրոպական հարաբերություններին: Պատասխանն այստեղ, բնականբար, երկրորդն է, որ Հայաստանը, որպես  իրավիճակի վրա ազդող լուրջ խաղացող չի գնահատվում Թուրքիայի կողմից: Ուստի, այս տեսանկյունից շատ ավելի կարևոր են այն հնարավոր օգուտները, որ Թուրքիան կարող է քաղել կարգավորումից ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ԵՄ անդամ առանձին երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի հետ իր հարաբերություններում: Այստեղ կրկին թուրք-ռուսական հարաբերությունների խնդիրն է շատ արդիական դառնում, որովհետև տրամաբանական կլինի ենթադրել, որ Թուրքիայի ղեկավարությանը բացարձակապես չի կարող դուր գալ ռուսական ներկայությունը թե՛ հայ-թուրքական սահմանի վրա՝ որպես ռազմաբազա և սահմանապահներ, թե՛ Արցախի տարածքում՝ որպես խաղաղապահներ:           

Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա ի՞նչ է հնարավոր ենթադրել, որ գուցե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա այս հարցերի հետ կապված որոշակի դիրքորոշման փոփոխության գնալ: Այսինքն՝ փորձում ենք նույն հարցին պատասխանել, թե Թուրքիայի ինչին է պետք այս ամենը:  

Լրիվ հասկանալի է, թե ինչու է դա պետք ԱՄՆ-ին՝ տարիներ շարունակ շատ հետևողականորեն ձգտում է այս հարցում ինչ-որ առաջխաղացումների: Լիովին հասկանալի է, թե ինչու սա պետք չի Ռուսաստանին: Գոնե այն Ռուսաստանին, որը կար 5 տարի առաջ: Ներկայիս պայմաններում դժվար է ասել, թե ինչ է իրենց պետք: Հասկանալի է ԵՄ-ի համար սա նույնպես դրական քայլ կլիներ՝ սահմանների բացում, տրանսպորտային զարկերակների և կապուղիների գործարկում: Այս ամենը, ինչը շատ հասկանալի է:         

- Դուք ժամանակին ներգրավված եք եղել հանձնաժողովում, որը հանրային դիվանագիտության միջոցով փորձում էր շոշափել կարգավորման հնարավորությունը:
Այս առումով քաջածանոթ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների նրբություններին: Ի՞նչ բովանդակային տարբերություն կա այս ու նախորդ գործընթացների միջև: 

- Ոչ միայն հայ-թուրքական հանձնաժողովում, այլև նման պրոյեկտներում միշտ փորձել եմ իմ ուժերի չափով օգտակար լինել, քանի որ կարծել եմ Հայաստանի անվտանգության տեսանկյունից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և անվտանգության ոլորտում պայմանագրերի ձևավորումը մեզ համար ձեռնատու կլինի: Սակայն այստեղ, ինչպես բոլոր հարցերում սատանան մանրամասներում է՝ ի՞նչ պայմաններ ունի այդ ամենը: 

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը շատ կարևոր միջոցառում էր, գործընթաց էր և շատ լուրջ փորձ էր, որովհետև նախ կարմիր գծերի շոշափում տեղի ունեցավ և բացի դրանից առաջին իրավական փաստաթուղթը ցեղասպանության հետ կապված հնարավոր եղավ ստեղծել: Հիմա այն հիմք է հանդիսանում տարբեր ատյաններում այս հարցի քննարկման համար: Այստեղ շատ կարևոր էր նաև, որ մենք կարողացանք սադրել քննարկում ցեղասպանության հետ կապված և՛ մեր հասարակությունում, և հատկապես թուրքական հասարակությունում, որովհետև տաբուացված հարցեր էին դրանք: Այնպես որ, այդ փուլը շատ կարևոր էր, ցավոք սրտի, դրանից հետո այնքան բան տեղի ունեցավ, որ այդ փուլը, այդ գիծը չշարունակվեց:

Ինչ վերաբերում է գործընթացների միջև տարբերությանը, ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակն է փոխվել, և ուժերի հավասարակշռությունն է փոխվել: Եթե այն ժամանակ բավականին կայուն իրավիճակ էր, և 2000-ականների սկզբներին նոր պատերազմի մասին խոսելը նույնիսկ իմաստ չուներ, ապա հիմա այն արդեն տեղի է ունեցել։ Բացի դրանից, պատերազմի ընթացքում պարզվեց, որ մենք ընդհանրապես դաշնակից չունենք, պարզվեց նաև, որ այս խնդիրը բացի մեզնից ոչ մեկին չի հուզում: Մեզ ասելով՝ նկատի ունեմ Հայաստանին, Ադրբեջանին և Արցախի բնակչությանը, մյուսներին հարցը հետաքրքրում է այնքանով-ինչքանով: Պարզվեց նաև, որ մենք առանձնապես չէինք պատկերացում աշխարհում նշանակություն ունեցող գործընթացների ընթացքը, առանձնապես չենք հասկանում: Այս ամենը բնականաբար անջատում է այն ժամանակաշրջանը այս նոր փուլից: Տարբերությունները հսկայական են:

Նման գործընթաց, եթե հիմա մենք սկսենք, արդեն այլ հոգեբանությամբ և այլ դիրքերից ենք սկսելու՝ նկատի ունեմ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նման գործընթացը: Ես, օրինակ, երկխոսության կմասնակցեի, բայց նման լուրջ գործընթացի չէի մասնակցի: Չէի ասի, թե հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի արդյունքները զրոյականացված են, որովհետև, այնուամնայինվ, և՛ փորձ կա, և՛ փաստաթղթեր, բայց անշուշտ մոտեցումները հիմա այլ են և դիրքերն են փոխվել:     

 

- Կողմերն ընդգծում են, որ գործընթացն առանց նախապայմանների է:  Ըստ Ձեզ՝ արդյո՞ք այդպես է: Եթե ոչ, արդյո՞ք ռիսկ տեսնում եք, որ հետագայում որևէ հարմար պահի ԹՀ-ն սեղանին կրկին նախապայմաններ կդնի։

- Իմ կարծիքով, քանի մենք առաջին հարցին, թե Թուրքիայի ինչին է սա պետք, չենք պատասխանել, մենք պարտավոր ենք գնահատել ամբողջ գործընթացը՝ որպես իմիտացիոն: Եթե իմիտացիոն չլինի, այնտեղ ամեն ինչ շատ հեշտ է: Այնտեղ խնդիր չկա, կա ստանդարտ արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, որը երկուստեք հաստատվում, ստորագրվում է և վերջ՝ առանց տարբեր վավերացումների և այլնի: Եթե այդ առաջարկը չկա, ապա ի՞նչ է քննարկվում: Ես չեմ հասկանում քննարկման նյութը, եթե նախապայման չկա:

- Թուրքական կողմի պաշտոնական հռետորաբանության բոլոր մակարդակներում ընդգծվում է գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու հանգամանքը։ Ի՞նչ դեր ունի Ադրբեջանն այս գործընթացում:

- Սա, ինձ համար ևս մեկ վկայություն է (գուցե ես շատ սուբյեկտիվ եմ այս հարցում) այն մասին, որ գործընթացը իմիտացիոն բնույթ է կրում: Բացառությամբ 2000թ. բանակցություններից, ես միշտ լսել եմ ադրբեջանական գործոնի մասին, որ այն շատ կարևոր է, շատ ազդեցիկ է Թուրքիայի քաղաքականությունը որոշելու առումով: Անհեթեթություն է իմ տեսակետից, բայց շատ լավ վաճառվող է:

Օրինակ՝ Ցյուրիխի արձանագրությունների չվավերացնելը լուրջ տնտեսական և քաղաքական օգուտներ բերեց Թուրքիային: Ադրբեջանից շատ բաներ ստացավ: Իրենք միանգամից ասում են, որ քայլ առ քայլ գնում են, ինչն անհասկանալի է ինձ համար, և խորհրդակցություններ են անցկացնում Ադրբեջանի հետ: Սա հնարավորություն է, որ ինչ-որ մի պահից ասեն, որ ադրբեջանական կողմը դեմ է, չի ցանկանում, մենք էլ պետք է հաշվի առնենք: Սա արվում է ամերիկացիների համար, մեզ համար չէ:

- Ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո հայ-թուրքական գործընթացում որոշակի դանդաղում է նկատվում: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներկա աշխարհաքաղաքական լարվածությունը մեր տարածաշրջանի վրա ընդհանրապես և հայ-թուրքական գործընթացի վրա մասնավորապես:

- Բնականաբար, այդպես է, որովհետև Ռուսաստանը թուլանում է: Ռուսաստանի գործոնը կարելի է արդեն քիչ հաշվի առնել: Թուրքիայում զուտ այժմեական նշանակություն ունեցող կարևոր հարցը կա՝ ընտրությունները: Էրդողանի վիճակը երկրի ներսում այդքան էլ կայուն չէ, ուստի, իրեն պետք են ինչ-որ ձեռքբերումներ:

Դրանցից ամենակարևորը կլինի Թուրքիայի միջազգային դերը հաստատող ձեռքբերումը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նրա միջնորդությունը, որը շատ կարևոր է թուրքական կողմի համար: Որպեսզի այս միջնորդությունը չբարդացվի արտաքին ինչ-որ հանգամանքներով, հայ-թուրքական գործընթացը դադարեցվում է: Սա շատ պարզ է, որ լրացուցիչ բարդություններ չլինեն: Սա իրենց հիմնական արտաքին քաղաքական խաղադրույքն է, որ Էրդողանի համար շատ կարևոր է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}