15:00, 16 Հուլիս 2019
Թուրք վերլուծաբան. «S-400-ների մասերի մատակարարման օրը պատահական չէր ընտրված»
Թուրք հայտնի պատմաբան, թուրքական «Haberturk» պարբերականի վերլուծաբան Մուրադ Բարդաքչըն ուշագրավ հոդված է հրապարակել Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ՝ «Ռուսաստանի կողմից S-400-ների մասերի մատակարարման մեկնարկի օրը պատահականություն չէր» վերնագրով։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը S-400-ների մասերը սկսեց մատակարարել հուլիսի 12-ից։ Ըստ հոդվածի հեղինակի՝ այդ օրը պատահական չէր ընտրված, քանի որ 1947թ.-ի հենց այդ օրը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել էր փոխօգնության մասին պայմանագիր։ Եվ այս առումով այն ունի խորհրդանշանական նշանակություն։
ԱՄՆ-ի հետ փոխօգնության համաձայնագիրը ստորագրվել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Հասան Սաքանի և Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվին Վիլսոնի կողմից։
«Վերջապես S-400-ները հասան մեզ,- գրում է հեղինակը։ -Այն S-400-ները, որոնց վերաբերյալ քննարկումներ եղան ամիսներ շարունակ, այն S-400-ները, որոնք առաջացրեցին ԱՄՆ-ի զայրույթը, այն S-400-ները, որոնք անհանգստացրեցին ՆԱՏՕ-ին ու մեծ ազդեցություն թողեցին մեր դիվանագիտական հարաբերությունների վրա»։
Այնուհետև Բարդաքչըն պնդում է, որ S-400-ների գնումը պայմանավորված էր այն վճռական քաղաքականությամբ, որը որդեգրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այդ համակարգերը գնելու որոշումը պակաս կարևոր չէր այն որոշումից, երբ մենք միացանք 20-րդ դարում Գերմանիայի գլխավորությամբ ստեղծված ռազմաքաղաքական բլոկին, կամ, երբ մենք 2-րդ աշխարհամարտից հետո ընտրություն կատարեցինք դեպի արևմտյան երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»։
Բարդաքչըն նկատել է տալիս, որ Թուրքիայի սպառազինությունը պատմության ընթացքում պարբերաբար փոփոխության է ենթարկվել՝ կախված այն բանից, թե Թուրքիան, կամ ասենք Օսմանյան կայսրությունը, որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ են եղել։
«18-րդ դարում, երբ մենք մոտ էինք Ֆրանսիայի հետ, մեր ֆինանսական հնարավորությունների չափով բանակին մատակարարում էինք ֆրանսիական սպառազինություն։ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ մենք լավ հարաբերություններ ունեինք Գերմանիայի հետ և մեր ձեռքում եղած հրանոթները, հրացանները գերմանական էին։ Իսկ երբ մենք որոշում կայացրեցինք բարեկամանալ ԱՄՆ-ի հետ 1940-ական թթ., մեր սպառազինությունը դարձավ ամերիկյան՝ ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան»։
Բարդաքչի կարծիքով՝ այս գործարքով եթե անգամ ՆԱՏՕ-ից դուրս գալու խնդիր չկա, ապա այնուամենայնիվ, նման գործարքով Անկարան իր հայացքը թեքում է դեպի այլ ուղղություն։
«Սա նշանակում է, որ այս գործարքից հետո Ռուսաստանը միանում է այն երկրներին, որոնցից մենք նախկինում գնել ենք սպառազինություն։
Բարդաքչըն պարզաբանելով, թե ինչու են ժամանակին ԱՄՆ-ի հետ փոխօգնության պայմանագիր ստորագրել, նշում է, որ դրա նախաձեռնողն եղել է ԱՄՆ-ի կոնգրեսը, որը նախագահ Հարի Թրումենին լիազորեց օգնություն ցուցաբերել որոշ երկրներին, «ավելի ճիշտ սկսել «որս» դաշնակիցներ փնտրելու համար»։
«Հապա նայեք ճակատագրի և պատմության հեգնանքին. մեր կողմից գնված S-400-ների առաջին խմբաքանակի մասերը ռուսները մատակարարում են այն նույն օրը, երբ մենք 72 տարի առաջ ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք պայմանագիր՝ լայնամասշտաբ փոխօգնության մասին։ Հավանականությունը, որ դա պատահականություն է, իմ կարծիքով չափազանց քիչ է։ Եթե մատակարարման օրը պատահական չէր ընտրված, ապա մնում է գլուխ խոնարհել ռուսների առջև»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |