Հարցազրույց14:07, 27 Մայիս 2019
Երևանում լույս է տեսել Ռուբեն Սաֆրաստյանի նոր մենագրությունը

Երևանում լույս է տեսել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.)» մենագրությունը:
Գրքի բովանդակության և նպատակների, ինչպես նաև մենագրությանն առնչվող այլ հարցերի մասին Ermenihaber.am լրատվական գործակալությունը զրուցել է հեղինակի հետ։
- Պրն Սաֆրաստյան, ո՞րն է այս մենագրության նպատակը և ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։
- Այս գրքի նպատակն է թուրքական սկզբնաղբյուրների հիման վրա փորձել հասկանալ, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ինչպիսի գործունեություն է ծավալել Հայաստանի առաջին Հանրապետության դեմ: Այդ նպատակով դիմել եմ թուրքական սզբնաղբյուրներին և կարծում եմ, որ ինձ հաջողվել է օգտվել հիշյալ թեմայի շուրջ Թուրքիայում հրատարակված գրեթե բոլոր աշխատանքներից, այդ թվում և Քեմալի ստորագրությամբ մի շարք փաստաթղթերից։ Կարևորում եմ հատկապես այդ ժամանակների Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի հրատարակությունները, որոնք բավականին սակավ տպաքանակով են եղել։ Այսինքն մենագրության նպատակներից էր նաև Քեմալի հարցազրույցների, ստորագրած փաստաթղթերի միջոցով հասկանալ Հայաստանի դեմ ուղղված նրա գործունեության շարժառիթները։
Վերջին հաշվով այս աշխատության նպատակն է հասկանալ թուրքական պետականության մոտեցումը հայկական պետականության հանդեպ։ Այս առումով շատ կարևոր էր մի փաստաթուղթ, որը 1920թ. նոյեմբերի սկզբներին ուղարկվել էր թուրք հայտնի հրամանատար Քյազիմ Քարաբեքիրին։ Այդ փաստաթղթի տակ դրված է արտգործնախարարի պաշտոնակատար Մուհթար բեյի ստորագրությունը, սակայն պարզ էր, որ այն ուղարկել էր Մուստաֆա Քեմալը։ Այդ փաստաթղթում Քարաբեքիրի առջև խնդիր է դրվել ոչնչացնել, կամ «մեջտեղից հանել Հայաստանը»։ Սա խոսում է առհասարակ Հայաստանի նկատմամբ թուրքերի մոտեցման մասին։
- Աշխատության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գործունեության հատկապես ո՞ր շրջանն եք առանձնացրել։
- Աշխատության առաջին մասում խոսել եմ Մուստաֆա Քեմալի գործունեության այն շրջանի մասին, երբ նա սուլթանի հրամանով՝ «Յըլդըրըմ» բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը թողեց և ոտք դրեց մայրաքաղաք Կ. Պոլիս։ Ես փորձեցի հասկանալ Պոլսում նրա գործունեության նպատակները և շարժառիթները։ Այդ ժամանակ նա արդեն պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ էր, երբ եկավ մի երկրի մայրաքաղաք, որը գտնվում էր Անտանտի երկրների օկուպացիայի տակ, քանի որ, ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունը պարտություն էր կրել պատերազմում։
Երկրորդ գլխում խոսում եմ առհասարակ Հայաստանի, Հայկական հարցի և հայ ժողովրդի թեմայով Մուստաֆա Քեմալի ունեցած մոտեցումների մասին։ Անդրադառնում եմ նրա գնահատականներին, Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած դերին և այդ ամենը՝ առկած փաստաթղթերի ու հարցազրույցների հիման վրա։
Հաջորդ հատվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստմանը (խոսքը 1920թ. հայ-թուրքական պատերազմի մասին է)։ Այդտեղ ես օգտոգործել եմ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի հրատարակությունները։ Մի շարք փաստաթղթերի ուսումնասիրություններն ինձ հնարավորություն տվեցին ցույց տալ, որ Քեմալը սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ 1920-ի սկզբին, երբ Սևրի պայմանագիրը դեռ ստորագրված չէր:
Հատուկ ուշադրություն եմ դարձրել այն հանգամանքին, որ հայ-թուրքական պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ դաշինք կնքվեց քեմալականների ու բոլշևիկների միջև, որից հետո թուրքերը մեծ քանակության զենք ստացան։ Կարևոր է նաև այն, որ նախքան պատերազմը, Քեմալը կարողացավ խուսանավումների միջոցով ստանալ արևմուտքի և բոլշևիկների համաձայնությունը, ինչը խոսում է Քեմալի դիվանագիտական հատկությունների մասին։
- Մենագրությունը գրելիս, փաստաթղթերն ուսումնասիրելիս Դուք նմանություն նկատե՞լ եք հայերի նկատմամբ երիտթուրքերի իրականացրած քայլերի և Քեմալի գործելաոճի միջև։
- Կարևորել եմ այն հանգամանքը, որ Քեմալը երիտթուրքերի ակտիվ անդամներից էր, չնայած այն փաստին, որ նրան չէին վստահում: Չէր վստահում հատկապես Էնվեր Փաշան։ Այդ առումով մինչև պատերազմական գործողությունների սկսվելը, Քեմալն իրականացնում է այնպիսի քայլեր, որոնք շատ նման են երիտթուրքերի ձեռագրին։ Մասնավորապես 1920թ. հայ-թուրքական պատերազմից առաջ թուրքական կառավարությունը որոշում է տեղահանության ենթարկել հույն և հայ բնակչության 20-40 տարեկան տղամարդկանց։

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |