Հարցազրույց09:18, 04 Նոյեմբեր 2014
Բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ. Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի նշանակման միջև: Հորդորում է իր նշանակման մեջ ինչ-որ առաքելություններ չփնտրել:
Թուրքական «Աքշամ» թերթի հոդվածագիր, գրող-հրապարակախոս, ներկայումս արդեն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հետ խոսեցինք իր նշանակման, գործունեության ոլորտի. հայկական ինքնության, հայ-թուրքական հարաբերությունների և այլ բազում այլ կարևոր հարցերի մասին:
- Հայաստանում և Թուրքիայում տարբեր շրջանակներ Ձեր նշանակումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում են դիտում: Նույնիսկ ասում են, թե որոշակի առաքելությամբ եք նշանակվել:
Հայկական հարցը իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը…
- Հայերը կարծում են, թե Թուրքիայում հայկական հարցն առաջնային կարևորություն ունեցող հարց է: Բնականաբար, այդպես էլ պիտի կարծեին, բայց ասեմ, որ դա այդպես չէ: Եթե Թուրքիայում առկա խնդիրների դասակարգում իրականացնենք ըստ կարևորության, ապա Հայկական հարցը միջին կարևորության խնդիր կլինի: Եթե այս պահին Թուրքիայի առջև ծառացած խնդիրների տեսակետից նայենք, ապա հնարավոր է, որ Հայկական հարցով նույնպես զբաղվեմ, քանի որ 1915-ի 100 ամյակն է: Բացի այդ մի շարք հայեր կփորձեն իմ միջոցով ինչ-որ բաներ անել: Սակայն նայելով առաջիկա տարիներին՝ կարող եմ ասել, որ Հայկական հարցն իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը: Քանի որ վերջիվերջո ես վարչապետի խորհրդականն եմ և զբաղվելու եմ վարչապետի լուծելիք խնդիրներով:
- Իսկ այս պաշտոնում աշխատելու առաջարկ ստանալիս Դուք վարչապետի հետ Ձեր գործունեության ոլորտը քննարկե՞լ եք:
Եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը կզբաղեցնեի:
- Մինչև հիմա նմանատիպ քննարկում չի եղել: Բայց պետք է ասեմ, որ վարչապետը չի ցանկանում, որ իմ հետ առնչությունը լինի մեկ կոնկրետ ոլորտում: Որքան հասկացա, իմ ոլորտն ավելի ընդհանրական կլինի: Թուրքիան վերակառուցման շրջանում է: Մեր առջև հանրապետության վերկառուցման խնդիրն է դրված: Առաջիկա 8-10 տարում ամբողջ հանրային կառույցով հանդերձ այս գործընթացն է իրականացվելու: Եվ այս գործընթացում վարչապետը կարծում է, որ որոշակի օգնության, որոշակի խորհրդակցության կարիք կունենա: Շատ հավանական է, որ եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը զբաղեցնելու էի: Այս մասին վարչապետն էլ է խոսել: Հայ լինելս սոսկ առավելություն էր, հավելյալ մի բան:
- Դուք համարում եք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Ձեր նշանակումը պատահակնությու՞ն էր:
- Դա կապված էր Դավութօղլուի վարչապետ դառնալու հետ: Եթե Դավութօղլուն անցյալ տարի վարչապետ դառնար, ես այս պաշտոնը անցյալ տարի կզբաղեցնեի: Քանի տարի է արդեն իմ գործունեությունը հայկական խնդիրներից ու կարիքներից բավականին լայն ոլորտներ է ընդգրկում, և բնականաբար ես ոլորտս նեղացնելու մտադրություն չունեմ:
- Այսինքն լինելով հայ ու ստանձնելով այս պաշտոնը` Դուք որևէ ներքին պատասխանատվություն չե՞ք զգում կարգավորման գործընթացի մեջ Ձեր ներդրումն ունենալու կամ հայկական խնդիրներով զբաղվելու:
Կզբաղվեմ Հայկական հարցով, եթե հանձնարարեն…
- Եթե լինի մի միջավայր, որտեղ ես կարողանամ որևէ ներդրում կատարել և քաղաքական դերակատարներն էլ հանձնարարեն, որ զբաղվեմ դրանով, ապա անշուշտ կզբաղվեմ: Սակայն դա այլ բան է. հանձնարարություն է, որը կկատարեմ:
- Ինչպես գիտեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին Երևան է հրավիրել: Ի՞նչ եք կարծում, Էրդողանը ինչպե՞ս կպատասխանի այդ հրավերին:
Եթե իրատես լինենք, ապա ես Էրդողանի Հայաստան գնալը հնարավոր չեմ համարում:
- Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կգնա:
- Իսկ ո՞րտեղ է գտնվում բոլորիս հայտնի գնդակը:
- Չի կարելի ասել գնդակը այս կամ այն դաշտում է: Գնդակը թափառում է: Պետք է բոլորս միասին գնդակի շուրջ օղակ կազմենք և միասնաբար գործենք:
- Կան խոսակցություններ որ դուք նախկինում էլ ոչ պաշտոնական խորհրդատվություններ եք անցկացրել կառավարության հետ:
- Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) կապեր, շփումներ ունեմ, բայց դրանց խորհրդատվություն անվանել չի կարելի:
- Նայելով հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակին վաղվա համար ի՞նչ կարող ենք ասել:
Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա…
- Ճիշտն ասած ես այս տարի հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չեմ ակնկալում: 2015ից հետո առաջընթացի հավանականությունը կաճի: 2016-ին լարվածության թուլացում կլինի: 100 ամյակի ավարտից հետո փոխըմբռնման ուղղված էներգիա կառաջանա. և դա բնականաբար կազդի նաև քաղաքականության վրա: Առանց այդ էլ հասարակությունների միջև շփումները գնալով ակտիվանում են: Ավելի շատ նախագծեր են իրականացվում : Թուրքիայում մի շարք մարդիկ հայերեն են սովորում, Հայաստանում՝ թուրքերեն : Հայաստանում շարքային քաղաքացու հայացքները Թուրքիայի հանդեպ ավելի դրական են դառնում, թուրքերն էլ եթե նախկինում իմանում էին, որ տոհմում հայ կա վշտանում էին, իսկ հիմա ընդհակառակը` ուրախանում են: Բայց կարգավորումն անմիջապես չի կարող լինել: Քանի որ Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա: Այս ամենը գործընթացն արգելակող գործոններ են:
- Նախորդ հարցազրույցներից մեկում ասել եք, որ հնարավոր է ԱԶԿ-ն ևս 10 տարի մնա իշխանության ղեկին: ԱԶԿ-ի պատկերացրած նոր Թուրքիան ի՞նչպիսին եք տեսնում Դուք:
- Եթե ԱԶԿ-ն գալիք ընտրություններում հաղթի կարծում եմ Թուրքիայում մթնոլորտը կհանդարտվի: Եթե դա չլինի, ԱԶԿ-ն չի կարողանա ղեկավարել երկրի բնակչության իսլամական հատվածին: Ներկայումս իսլամական հատվածն ԱԶԿ-ի սխալները ներում է, բայց չի արհամարհում: Եվ եթե այսպես շարունակվի ու ինչպես մի շարք մարդիկ ասում են, ԱԶԿ-ն ավտորիտար դառնա, ապա այդ ժամանակ այլևս անզոր կլինի ղեկավարել Թուրքիան: Ուստի ԱԶԿ-ն նախ պետք է ինքն իրեն փոխի: Եվ կփոխի, քանի որ ինքն էլ դա ցանկանում:
Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |