Տարածաշրջան09:34, 27 Օգոստոս 2025
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Ամառային շոգ օրերն ու ընթացիկ սեզոնային անձրևների բացակայությունը Թուրքիայում բացասակայն հետևանքներ են առաջացրել։ Հատկապես օգոստոսին հաճախ են հանդիպում այնպիսի պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թուրքիայում սակավաջրության խնդիր է հասունանում:
Հատկանշական է, որ ջրի խնդիր ասվածը ոչ միայն ոռոգման ջրերի սակավության մասին է, այլև կենցաղային օգտագործման՝ խմելու ջրի մասին:
Հատկապես մեծ քաղաքներում, ինչպիսիք են օրինակ մայրաքաղաք Անկարան և ոչ պակաս մայրաքաղաքի նշանակություն ունեցող Ստամբուլը, ջրամբարների լցվածության կտրուկ և ռեկորդային անկում է գրանցվել:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ Անկարայի ջրամբարներում ջրի պաշարներն էապես նվազել են:
Ջրամբարների ընդհանուր լցվածությունն այս տարվա՝ 2025-ի, օգոստոսի 20-ի դրությամբ կազմում է ընդամենը 19.42%, իսկ օգտագործման համար հասանելի ակտիվ պաշարը՝ 8.52%։
Նախորդ տարվա՝ 2024-ի, նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 39.41% և 31.21%։
Զուգահեռաբար նշվում է նաև, որ օրական քաղաքին մատակարարվում է շուրջ 1.7 մլն խմ ջուր: Մասնագետները, ելնելով ստեղծված պատկերից, գուժում են, որ ներկայիս սակավաթիվ պաշարներով մայրաքաղաքը կարող է ջրով ապահովվել հազիվ 3 ամիս։
Արձանագրվել է նաև, որ Չամլըդերե, Քուրթբողազը, Աքյար և Էղեքայա ջրամբարներում ջրի մակարդակը տեղ-տեղ նվազել է շուրջ 40-50 մետրով։ Արդյունքում տեսանելի են դարձել հին բնակավայրերի և տների հատվածներ, առաջացել նաև կղզյակներ։
ՉԱՄԼԸԴԵՐԵ
ՔՈՒՐԹԲՈՂԱԶԸ
Անդրադառնալով արդեն Ստամբուլում տիրող իրավիճակին՝ մեջբերենք «Ստամբուլի ջրամատակարարման վարչության» (İSKİ) տվյալները, որոնց համաձայն՝ վերջին շաբաթում ջրամբարների լցվածությունը նվազել է 15.85%-ով և հասել ընդհուպ 42.43%-ի։
Սա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82.22%, սակայն սաստիկ երաշտի պայմաններում և ջրի մեծածավալ սպառման արդյունքում այն շարունակ նվազել է։
Նշվում են նաև այն ջրամբարները, որոնք այժմ ջրի ծավալի ռեկորդային անկում ունեն. օգոստոսի 26-ի դրությամբ ամենացածր լցվածությամբ Ստամբուլի ջրամատակարարումն ապահովող հիմնական ջրամբարներից են Քազանդերեն (24.23 %) և Ալիբեյը (26.11%)։
ՔԱԶԱՆԴԵՐԵ
ԱԼԻԲԵՅ
Բացի այդ մի շարք այլ քաղաքների և շրջանների համար արդեն իսկ կանխատեսվել է մոտալուտ ջրային խնդրի սրման սցենարը: Տեղ-տեղ նույնիսկ սաստիկ երաշտից արդեն գետեր են ցամաքել և որոշներն էլ հայտնվել ցամաքման եզրին:
Թուրքիայի Էգեյան տարածաշրջանի կարևոր ջրային աղբյուրներից մեկը՝ Գեդիզ գետը, խիստ երաշտի հետևանքով մի շարք հատվածներում արդեն իսկ ամբողջությամբ ցամաքել է:
ԳԵԴԻԶ
Ցամաքման եզրին է նաև Իզմիր քաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Գյորդեսի ջրամբարը, իսկ Մանիսա քաղաքում ջրային պաշարների սակավություն է նկատվում, քանի որ ստորգետնյա ջրերի խորությունը հասել է արդեն 500 մետրի։
ԳՅՈՐԴԵՍ
Մասնագետների խոսքով՝ բացի վերոնշյալ ջրամբարից, ջրի ծայրաստիճան սակավություն նկատվում է առհասարակ տարածաշրջանի բոլոր ջրամբարներում, ինչը սպառնում է ոչ միայն խմելու ջրի մատակարարմանը, այլև տարածաշրջանի գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը։
Փորձագետները հորդորում են իշխանություններին անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը, հակառակ դեպքում ինչպես Իզմիրում, առաջիկայում Մանիսայում ևս ջրամատակարարման ընդհատումները և տնտեսական ծանր հետևանքներն կլինեն անխուսափելի:
Ըստ ամենայնի՝ մասնագետների հորդորը պետք է տարածվի նաև Անկարայի և Ստամբուլի վրա, քանի որ նույնանման մեթոդների չկիրառումն այստեղ ևս ծայրաստիճան խնդրահարույց իրավիճակներ կարող է ստեղծել՝ խմելու ջրի խնդրից մինչև տարատեսակ նշանակության ջրօգտագործման խնդիրներ:
Երաշտից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում գտնվող 2 քաղցրահամ լիճ՝ Էբերն ու Բեյշեհիրը:
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Քոնյա քաղաքի Էբեր լիճը, որը ժամանակին հանդիսացել է 147 տեսակի թռչունների որսատեղի և բազմազան ձկնատեսակներ ունեցող քաղցրահամ լիճ, այժմ ցամաքման եզրին է:
ԷԲԵՐ
Աֆյոն Քոջաթեփե համալսարանի (AKÜ) պրոֆեսոր Ուղուր Ջենգիզ Էրիշմիշը լճում ստեղծված իրավիճակը բացատրում է մարդկանց կողմից ջրի անխոհեմ օգտագործմամբ:
Վերջինիս խոսքով՝ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում 3 տարվա ընթացքում լիճն ամբողջությամբ կցամաքի:
իսկ ահա Թուրքիայի Քոնյա և Սպարտա նահանգների միջև գտնվող Բեյշեհիր լճին, որը Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճն է, ներկայումս ևս անմխիթար վիճակում է: Կլիմայական փոփոխության և գյուղատնտեսական ոռոգման սխալ կազմակերպման պատճառով լճի ջուրը 300 մետր հեռացել է ափերից:
ԲԵՅՇԵՀԻՐ
Բեյշեհիրի ջրային կուլտուրաների կոոպերատիվի նախագահ Հասան Քուրթը լճի վերաբերյալ հետաքրքիր արտահայտություն է արել. «Բեյշեհիր լիճը մահացել է: Ցավակցում եմ ողջ Թուրքիային»՝ հավելելով, որ իրենց համար այլևս Բեյշեհիր լիճ գոյություն չունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |