• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Հուլիս, 2025
Հինգշաբթի 05:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:25, 15 Հունվար 2024

Պաշտոնական Անկարան՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Պաշտոնական Անկարան՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական  լրատվամիջոցներին տված հարցազրույցում, խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հայտարարել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։ Նա միաժամանակ «միջանցքի» վերաբերյալ իրենց ընկալումը ներկայացրել է այսպես․ «Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան-թարգմ․) գնացող բեռները, քաղաքացիները և ավտոտրանսպորտային միջոցներն ազատ պետք է անցնեն՝ առանց որևէ ստուգում անցնելու, մաքսային վարչարարության մեջ ներգրավվելու։ Ինչ վերաբերում է մյուս երկրների բեռներին, եթե, օրինակ, Միջին Ասիայից դեպի Թուրքիա որևէ բեռ Հայաստանի տարածքով ուղարկվի և անգամ եթե Ադրբեջանից դեպի Թուրքիա որևէ բեռ ուղարկվի, անշուշտ, բոլոր մաքսատուրքերը պետք է վճարվեն»։

Սա պաշտոնական Բաքվից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչած վերջին հայտարարությունն է։ Այս հայտարարության առնվազն առաջին մասն անտեղի և շինծու է դարձնում հենց նույն հարցազրույցում Ալիևի արտահայտած զարմանքը, թե Հայաստանին նյարդայնացնում է «միջանցք» բառը, մինչդեռ «միջանցքը» որևէ երկրի սուվերենությունը կասկածի տակ չի դնում։

Իսկ ի՞նչ է հայտարարում պաշտոնական Անկարան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այդ թեմայով ինչպիսի՞ հայտարարություններ են արել թուրք բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շրջանում։

Ermenihaber.am-ն առանձնացրել և ժամանակագրական հերթականությամբ ներկայացնում է 2023-ի տարեվերջին ու 2024-ի տարեսկզբին Թուրքիայից հնչած հայտարարությունները։


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սկսված էթնիկ զտման ռազմական հերթական փուլի մեկնարկի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բառացի հայտարարել է․ «Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման գլխավորությամբ»։

2023թ․ սեպտեմբերի 26-ին Էրդողանը, Նախիջևան կատարած այցից հետո Անկարա վերադառնալիս լրագրողների հարցերին ի պատասխան, նշել է․ «Զանգեզուրի միջանցքով ցամաքային և երկաթուղային ճանապարհներով Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ մեր ուղիղ կապի հաստատումը կամրապնդի մեր հարաբերությունները։ ․․․ Մենք հնարավոր ամեն ջանք գործադրելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի կյանքի կոչումը ռազմավարական հարց է և անպայման պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող են անմիջապես հասնել Կարս։ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը շատ ավելի կամրապնդվի: Իրանից ևս այս հարցում դրական ազդակների ստացումը հուսադրող է։ Մեր ցանկությունն է այս վայրերը դարձնել խաղաղության միջանցք: ․․․ Եթե մտածենք, որ դա երկաթուղային համակարգ է, ապա Թուրքիայից եկող գնացքը Նախիջևանով, Հայաստանով կանցնի և կհասնի Ադրբեջան։ Ինչ վերաբերում է Հայաստանով անցնելու հարցին, եթե Հայաստանն այս ճանապարհը չբացի, ապա ինչպե՞ս է անցնելու։ Իրանով է անցնելու։ Իրանը հիմա դրան դրական է նայում, ուստի հնարավոր է Իրանի տարածքով Ադրբեջան անցնելու հնարավորություն լինի»։

2023թ․ հոկտեմբերի 9-ին Էրդողանը կառավարության նիստի ավարտին հայտարարել է․ «Շնորհավորում ենք Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների վճռական և խիզախ պայքարով ձեռք բերված հաղթանակը։ Մեր ակնկալիքը Հայաստանի ղեկավարությունից խելամիտ և իրավական ճանապարհի լույսի ներքո, խաղաղությանը, անվտանգությանը և  բարօրությանը միտված քաղաքականությանը հետևելն է: Եթե Հայաստանն այս կերպ շարժվի և իր տված խոստումը պահի Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ապա մեկ անգամ ևս ցանկանում եմ հայտնել, որ մեր հարաբերությունները Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ պատրաստ ենք զարգացնել»:

2023թ․ նոյեմբերի 3-ին «Թյուրքական պետությունների կազմակերպության» 10-րդ գագաթնաժողովին ունեցած ելույթում Էրդողանը նշել է․ «Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանին ուղղված իր պարտականությունները։ Մեծ կարևորություն ունի նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը միմյանց կապելիք տրանսպորտային գծի կյանքի կոչումը։ Գծի բացումը լուրջ ներդրում է ապահովելու տարածաշրջանի երկրների բարօրությանը, Թուրքիան էլ կապելու է մեր պապերի հայրենիք Միջին Ասիային։ Այս գործընթացի հաջողությամբ ամբողջացման համար որպես թյուրքական աշխարհ պետք է շարունակենք Ադրբեջանին մեր աջակցությունը»։

2023թ․ նոյեմբերի 9-ին Ուզբեկստանում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» նիստում ևս ելույթ ունեցած Էրդողանը նշել է․ «Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղղված պարտավորությունների կատարումն այս գործընթացը հեշտացնելու է։ Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը միմյանց կապելիք տրանսպորտային գծերի հնարավորինս շուտ հիմնումը/ձևավորումը ռազմավարական կարևորություն ունի»։ 


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԱԽԱՐԱՐ ԱԲԴՈՒԼՔԱԴԻՐ ՈՒՐԱԼՕՂԼՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2023թ․-ի հոկտեմբերի 16-ին Թուրքական մերձիշխանական Yeni Şafak-ի՝ Անկարայի բյուրո այցելած Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է․ «Զանգեզուրի միջանցքի Հայաստանով կամ Իրանով անցնելու հետ կապված գործընթացը շարունակվում է։ Իրանի կողմով անցնելու հետ կապված Ադրբեջանն ու Իրանը բանակցել են և գիտենք, որ ինչ-որ կետի են եկել։ Այս պահին թվում է, որ Իրանով է անցնելու։ Հայաստանը եթե ողջախոհ մտածի, կցանկանա, որ այս միջանցքն անցնի այնտեղով» (Ուրալօղլուն նույնաբնույթ հայտարարություն է արել նաև հոկտեմբերի 22-ին, հոկտեմբերի 24-ին, հոկտեմբերի 28-ին)։

2023թ․-ի նոյեմբերի 2-ին Ուրալօղլուն Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ «Մի քանի օր առաջ Վրաստանում կայացած ֆորումի ժամանակ տեսանք, որ Հայաստանի վարչապետը որոշ մոտեցումներ ունի՝ կապված այս միջանցքի՝ իրենց երկրով անցնելու հետ, մեր փոխնախարարար ընկերն էր մասնակցել ֆորումին։ Ես, առանց այդ էլ, միշտ ասում էի, որ, իսկապես, այս միջանցքը որ երկրով էլ անցնի, այն շահած է դուրս գալու։ Քաղաքական մոտեցումները թողնելով առևտրային և փոխշահավետ քաղաքականության հետևելու դեպքում՝ սպասում էինք, որ Հայաստանը գալու է այս կետին, եթե որևէ փոփոխություն չլինի, թվում է, որ այդ ուղղությամբ առաջ կընթանա․․․ [Միջանցքը] մինչև 2028թ․-ը կարծում եմ կբացենք։ Նման գործի համար շատ երկար ժամանակ չէ, անկեղծ ասած»։

2023թ․-ի նոյեմբերի 17-ին Ուրալօղլուն մերձիշխանական «Demirören» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» Հայաստանով անցնող 43 կմ-անոց հատվածի մասին, նշել է․ «Որ երկրով էլ անցնի այս միջանցքը, նա միանշանակ օգուտ կքաղի, կշահի։ Հայկական կողմից տարբեր մոտեցումներ կային, սակայն վերջերս Վրաստանում կայացած համաժողովում Հայաստանի վարչապետը հայտարարություններ արեց՝ կապված այս միջանցքին դրական նայելու հետ։ Այս ընթացքում Ադրբեջանն էլ, մենք էլ իրականացնում ենք այս աշխատանքները։ Եթե մենք բացենք այդ միջանցքը, ապա կապ կապահովենք, այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղիղ դեպի թյուրքական հանրապետություններ, և մենք լրջորեն կավելացնենք Միջին միջանցքի ներուժը․․․ Եթե կարողանանք Հայաստանով անցնել, այնտեղով էլ կանցնենք, սակայն չլինելու դեպքում, այլընտրանք է նաև Իրանի տարածքով անցնելը»։

2023թ․-ի նոյեմբերի 29-ին Ուրալօղլուն TGRT Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում նշել է, որ ադրբեջանական կողմում շարունակվում են «Զանգեզուրի միջանցքի» երկաթուղու և ցամաքային ճանապարհի շինարարական աշխատանքները, ապա շարունակել․ «Հայաստանի տարածքով անցնող մոտ 43 կմ-անոց հատված կա, պլանավորվել է և՛ երկաթուղու, և՛ ցամաքային ճանապարհի տեսքով։ Այնտեղ դեռևս ամենասկզբում ենք, քանի որ Հայաստանը թե՛ մի քանի շաբաթ առաջ միջազգային հարթակում կատարած հայտարարությամբ, թե՛ հետո սոցցանցերի հաշվիներում կատարած հրապարակմամբ այս միջանցքի՝ Հայաստանով անցնելու, դրա անհրաժեշտ և ճիշտ լինելու հետ կապված հայտարարություններ արեց։ Ե՛վ ադրբեջանական կողմը, և՛ մենք հետևում ենք»։ 

2023թ․-ի դեկտեմեբրի 19-ին Ուրալօղլուն Թուրքիայի խորհրդարանում 2024թ․-ի բյուջեի քննարկումների ժամանակ, անդրադառնալով Միջին միջանցքում Թուրքիայի դերին, հայտարարել է․ «Զանգեզուրի միջանցքը պլանավորում էինք, որ անցնի Հայաստանի տարածքներով։ Այնտեղ խոսվում էր, թե այստեղով չի կարող անցնել, մինչդեռ այն գործընթացում, որին այժմ հասել ենք, Փաշինյանն արդեն ասում է, որ այս միջանցքը պետք է անցնի իր տարածքներով։ Դա կյանքի ենք կոչելու՝ Ալլահի թույլտվությամբ»։ 

2024թ․-ի հունվարի 6-ին թուրքական TVNet-ի եթերում Ուրալօղլուն «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին նշել է․ «Բաքվից մինչև Հորադիզ եկող [քարտեզի վրայի] կարմիր գիծն ավարտին հասցված գիծն է։ Հորադիզի շրջանից մինչև Օրդուբադ, բացառությամբ Հայաստանի՝ Զանգեզուրի հատվածի, կառուցման աշխատանքները շարունակվում են։ Նախիջանում՝ մինչև մեր Դիլուջուի սահման ընկած հատվածում, մոտ 100 կմ-անոց մի գիծ կա, որը բարելավվելու է, այնուհետև [քարտեզի վրա] կանաչ երևացող Դիլուջու-Իգդիր-Կարս հատվածն է, որի [կառուցման] տենդերն անցկացրել ենք և այս տարի սկսում ենք։

Շատ լավ, Հայաստանում՝ մասնավորապես այն վայրում, որը կոչում ենք Զանգեզուրի միջանցք, ի՞նչ վիճակում էինք գտնվում։ Երբ այս միջանցքի հարցն առաջ քաշվեց մինչ շարունակվում էր Ղարաբաղի հետ կապված գործընթացը, Հայաստանը դրա դեմ հակազդեցություն ունեցավ։ Մենք հստակ ասացինք, որ նա, ով խոհեմ է, այս միջանցքի, երթուղու մասը դառնալով, շահելու է, և արդեն վերջին շրջանում թե՛ կայացող միջազգային հավաքների ժամանակ, թե՛ Հայաստանի ներքին քաղաքական խոսույթում Փաշինյանն ունի հայտարարություններ, որ այդ միջանցքը ճիշտ միջանցք է։ Գործընթացը շարունակվում է, մոտավորապես 43 կմ-անոց հաստվածը Հայաստանի տարածքում է, եթե այնտեղի պլանավորումը, տենդերը, կառուցումն էլ իրականացվի, միջանցքն ամբողջացված է լինելու, և մենք այս երթուղով թյուրքական աշխարհին, Միջին Ասիային շատ ավելի դյուրին կերպով ենք հասնելու։ ․․․ Մենք իրանական կողմին ասում ենք հետևյալ․ Ընկե՛ր, մեր Դիլուջուի սահմանի մյուս կողմում Իրանն է, այդտեղից կարող ենք ձեզ կապուղի տալ, և այդ համատեքստում նրանք էլ պահանջ ունեն։ Սակայն մենք ասում ենք, որ երկուսն էլ անպայման պետք է լինի, մեզ համար Զանգեզուրի միջանցքը պարտադիր է/անհրաժեշտություն է, մենք այն կյանքի ենք կոչելու։ Սակայն Իրանն այս կապուղուն ևս, այսինքն ոչ միայն Զանգեզուրի միջանցքի՝ իր տարածքով անցնելու, այլև իր տարածքից Դիլուջուին կապվելու հետ կապված պահանջ ունի, դա էլ քննարկում ենք, մտածում ենք, որ հարմար մի ժամանակ դա էլ պետք է անենք։ ․․․ Թուրքիայի կողմի մեր տենդերն անցկացրել ենք, 224 կմ-անոց հատված է։ ․․․ Մտածում ենք, որ 2028թ․-ին երթուղին ամբողջությամբ կյանքի կոչած ենք լինելու»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
12:16, 09 հուլ
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված
12:30, 19 հուն
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին
Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}