Հոդված15:45, 27 Դեկտեմբեր 2022
Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, որը 16 օր շրջափակված է պահում 120.000 հայի

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր մի խումբ ադրբեջանցիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից ակնհայտ ուղղորդված կեղծ բնապահպանական պահանջներով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը։ Արդեն 16 օր է շուրջ 120.000 արցախահայեր զրկված են միջազգային այնպիսի հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են ազատ տեղաշարժի, բուժօգնություն ստանալու իրավունքները։ Արցախը պարենային և հումանիտար լուրջ ճգնաժամի առջև է։
Մինչ Արցախից և Հայաստանից ահազանգում են, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում, իսկ միջազգային հարաբերությունների ազդեցիկ դերակատարները կոչեր են անում Ադրբեջանին բացել Լաչինի հումանիտար միջանցքը, Բաքուն լիակատար աջակցություն է ստանում պաշտոնական Անկարայից։
Ադրբեջանի վերոհիշյալ գործողություններին մասնակից է դարձել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն։ Նա այցելել է ճանապարհի փակ հատված և այդ մասին գրառում է արել Twitter-ում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» շեշտադրմամբ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն և այդ երկրում իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը արդեն հայտարարություններ են արել և աջակցություն հայտնել Ադրբեջանին «նրա մղած իրավացի պայքարում»։
«Ադրբեջանը թե՛ իրավունքի տեսանկյունից, թե՛ արդարության տեսանկյունից, թե՛ սեփական հողերում ապօրինի գործողություններին ընդդիմանալու տեսանկյունից իրավացի է»,-դեկտեմբերի 14-ին հայտարարել է Չավուշօղլուն։ Թուրք նախարարը փաստորեն արդար է որակել այն, որ դեպի Արցախ գազամատակարարման դադարեցման պատճառով 3 օր շարունակ 120 հազար մարդ ձմռան պայմաններում զրկված է եղել ջեռուցման հնարավորությունից, որ 16 օրվա շրջափակման հետևանքով շուրջ 350 հիվանդ չի կարողացել բուժօգնություն ստանալ Երևանում ու որ ամեն վայրկյան խախտվում են հազարավոր մարդկանց իրավունքներ։
Օմեր Չելիքն էլ իր հերթին է դեկտեմբերի 22-ին հայտարարություն արել՝ նշելով, թե իբր ծայրահեղության կողմնակից հայերն են Ղարաբաղում դիմում սադրիչ գործողությունների։ Չելիքի հնչեցրած այդ անհեթեթությունն առավել ակնհայտ է դառնում հատկապես այն պարագայում, երբ ադրբեջանցիների կեղծ բնապահպանական ակցիայի առաջին իսկ օրերից դրա մասնակիցներն են ձեռքերով ցույց տալիս թուրք ծայրահեղ ազգայնամոլականների՝ «գորշ գայլերի» հայտնի խորհրդանիշը՝ փաստացի սպառնալիք հայտնելով արցախահայերին։
Ավելին՝ Չելիքը ժխտել է, որ Լաչինի միջանցքը փակ է՝ բառացիորեն ստելով, թե ադրբեջանական կողմը խոչընդոտում է միայն հանքանյութով բեռնված բեռնատարների երթևեկությունը։ Ադրբեջանի այս կեղծ քարոզչությունը պաշտոնական հայտարարություններից զատ լայն թափով առաջ են տարել նաև թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամերձ «Haber Global»-ը, «Yeni Akit»-ն ակտիվորեն այս ողջ ընթացքում տարածել են իրականությանը չհամապատասխանող ադրբեջանական պաշտոնական թեզերը։ Բացի այդ էլ խախտել են լրագրության սկզբունքները՝ մշտապես միակողմանիորեն ներկայացնելով Լաչինի միջանցքի իրադարձությունները, դրանց պատճառներն ու հետևանքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր Արցախի գազամատակարարումը, որը, սակայն, վերականգնվել է դեկտեմբերի 16-ին՝ առանց նախապայմանի։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Ադրբեջանը, սակայն, չի հետևում այդ կոչերից որևէ մեկին։ Լաչինի միջանցքի շրջափակման 13-րդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կարող են լինել զանգեր, ինչ-որ հայտարարություններ, բայց պետք չէ դրանց նշանակություն տալ։ Մենք այդ զանգերին պատասխանում ենք պարզապես քաղաքական կոռեկտությունից դրդված։ Բայց սա դույզն-ինչ չի փոխի մեր դիրքորոշումը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |