Հոդված23:24, 26 Հոկտեմբեր 2020
Ինչքանո՞վ է թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրությունը կախված դրսի մատակարարումներից

Թուրքական քարոզչության կողմից «տեղական» ու «անորսալի» հորջորջված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին քննարկումները հատկապես ակտիվացել են Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման ֆոնին:
Թշնամական քարոզչամեքենան Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-ների լայնամասշտաբ կիրառումը ձգտում է նաև հոգեբանական ճնշման գործիք դարձնել հայկական կողմի վրա:
Պետք է ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի փեսա Սելջուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar Makina» ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB2»-ը բավականին տպավորիչ մարտավարատեխնիկական բնութագիր ունի: Այս ԱԹՍ-ների մասին թուրքական քարոզչության սեփական հանրությանը փորձում է համոզել, որ դրանք ամբողջության արտադրաված են Թուրքիայում «ազգային ու տեղական» միջոցներով։ Սակայն իրականում այս սարքերը այնքան էլ տեղական չեն, քանի որ դրանց արտադրությունը կախված է արտասահմանից ներմուծվող այնպիսի անփոխարինելի ու կարևոր բաղադրամասերից, ինչպիսիք են օրինակ շարժիչներն ու տեսախցիկները, արբանյակային կապի համակարգերն ու GPS ընդունիչները:
Այսպես օրինակ.
Շարժիչ
Bayraktar TB2-ի վրա տեղադրված է ավստրիական հայտնի Rotax ընկերության (ամբողջական անվանումը՝ Bombardier-Rotax GmbH. գտնվում է կանադական Bombardier ընկերությունների խմբի կազմում), «Rotax 912» 100 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ:
Հոկտեմբերի 23-ին կանադական ընկերության փոխնախագահ և մամուլի խոսնակ Մարթին Լանգելիեն հայտնել է, որ կասեցնում է շարժիչների արտահանումը այն երկրները, որոնք կիրառում են անհայտ նպատակներով։
Նա նշել է, որ ավստրիական «Rotax»-ի շարժիչները նախագծվել և արտադրվում են միմիայն քաղաքացիական նպատակներով։ Նրա հավաստմամբ՝ ընկերությունը վերջերս է տեղեկացել, որ իրենց արտադրության շարժիչները օգտագործվում են ռազմական նշանակության ԱԹՍ-ների համար։
Ուշագրավ է, որ Baykar ընկերության պաշտոնական կայքում TB2 ԱԹՍ-ի վերաբերյալ ներկայացված տեխնիկական բնութագրի մեջ նշված չէ այս փաստը (համապատասխան դաշտում ընդամենը գրված է 100 ձիաուժանոց ներքին այրման շարժիչ): Փոխարենն այս փաստն արձանագրված է Wikipedia առցանց հանրագիտարանում TB2-ի մասին պատմող անգլերեն և թուրքերեն հոդվածում, defenceturk.net մասնագիտացված կայքում և այլուր:
Այս համատեքստում պետք է նշել, սակայն, որ Թուրքիայում վերջին տարիներին գործուն քայլեր են արվել ԱԹՍ-ների համար ուժային ագրեգատ ստեղծելու ուղղությամբ և Թուրքիայի օդատիեզերական ընկերության կողմից նախագծված ու արտադրված PD170 ավիացիոն շարժիչը արդեն հաջողությամբ անցել է փորձարկումները և պատրաստ է սերիական արտադրության: Սակայն 170 ձիաուժանոց այս շարժիչները չափազանց ծանր են Bayraktar TB2-ի համար, և նպատակահարմար չեն դրանց վրա տեղադրելու համար: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Ի. Դեմիրը հայտարարել է, որ PD170 շարժիչները կարող են օգտագործվել «Baykar» ընկերության կողմից նախագծված ու դեռևս փորձարկման փուլում գտնվող «Bayraktar Akıncı» անվանումով ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի վրա: Իսկ մինչ այդ Akıncı-ի շարժիչները ներմուծվում են Ուկրաինայից:
Տեսախցիկներ (ներառում են նաև լազերային նշանառության համակարգեր)
«Bayraktar TB2» և Baykar Makinası-ի այլ ԱԹՍ մոդելների համար հիմնականում կիրառվում է կանադական արտադրության L-3 WESCAM CMX-15D տեսախցիկը, որը ներառում է լազերային նշանառության համակարգերը։
Վերջին օրերին Կանադայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ, այդ երկրի իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի դեմ զենքի վաճառքի էմբարգո կիրառելու մասին և կասեցրեցին Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները։
Հարկավոր է արձանագրել նաև, որ այս էմբարգոների արդյունքում թուրքական կողմը արագացրել է սեփական նմանատիպ տեխնոլոգիաների մշակումը։ Թուրքական ռազմական արդյունաբերական ASELSAN ընկերությունը մշակում է CATS էլեկտրօպտիկական հետախուզության, հսկողության և թիրախավորման համակարգը, որը դեռևս պահանջված որակը չի կարողացել ապահովել։ Արդյունքում թուրքական ԱԹՍ-ների արտարդույթունը մեծապես կախված է կանադական տեխնոլոգիաններից։
Մարտագլխիկներ
Bayraktar TB2-ի վրա տեղադրված են թուրքական Roketsan ընկերության կողմից արտադրված հակատանկային գերճշգրիտ MAM-L և օդ-ցամաք MAM-C հրթիռները։ MAM-L ստեղծվել է նույն Roketsan-ի մեկ այլ արտադրանքի` UMTAS-ի հիման վրա։
Ըստ որոշ աղբյուրների`Roketsan-ի OMTAS և UMTAS հրթիռները գերմանական TDW ընեկրության հետ համատեղ արտադրության արդյունք են։ Այլ աղբյուրներ առաջ են քաշում այն վարկածը, որ գերմանական կազմակերպությունը մշակել է մարտագլխիկները, իսկ դրանց արտոնագիրը վաճառել է Թուրքիային։ Մասնագիտացված Defenceturk ևս հաստատել է, որ մարտագլխիկները արտադվում են գերմանական TDW ընկերության կողմից։
Արբանյակային կապի համակարգեր
TB2-ի արբանյակային կապի համակարգերը նույնպես ներմուծվում են արտասահմանից, մասնավորապես ԱՄՆ-ից: Համակարգերը մատակակրարող ամերիկյան Viasat ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա մատակարարումները, այն բանից հետո, երբ ամերիկահայությունը 2 օր շարունակ խաղաղ ցույց է անցկացրել ընկերության գրասենյակի առջև: Հայ ցուցարարների հետ հանդիպած «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանը նշել է, որ ընկերությունում տեղյակ չեն եղել, թե ինչ նպատակներով է Թուրքիան իրենց տեխնոլոգիաներն օգտագործում ու խոստացել, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։
Հարկ է նշել սակայն, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել նաև արբանյակային կապի համակարգի նախագծուման ուղղությամբ: Մասնավորապես թուրքական ռազմաարդյունաբերության «Aselsan» ընկերությունը արդեն ավարտին է հասցրել համակարգի մշակումը: Սպասվում է, որ որոշ ժամանակ հետո այս ուղղությամբ TB2-ների կախվածությունը դրսի շուկայից կհաղթահարվի:
Նավիգացիոն ընդունիչներ
Վերջին օրերին Արցախի ՊԲ ՀՕՊ համակարգերի կողմից խոցված Bayraktar TB2-ի մի շարք լուսանկարների հրապարակման արդյունքում պարզ դարձավ նաև, որ այս ԱԹՍ-ի համար Նավիգացիոն ընդունիչներ է մատակարարում նավիգացիոն սարքերի ոլորտում առաջատար արտադրողներից մեկը հանդիսացող ամերիկյան GARMIN ընկերությունը (տեղակայման վայրը՝ Դայմոնդ Բար, Կալիֆորնիա): Bayraktar TB2 ԱԹՍ-ի համար օգտագործվում է GARMIN ընկերության GNC 255A մոդելը, որի գինը 4495 ԱՄՆ դոլար է։
Կցորդիչ
Նշենք նաև, որ Արցախի ՊԲ-ի խոցված ԱԹՍ-ի նկարներից մեկում երևում է նաեւ ամերիկյան MilesTek խոշոր ընկերության արտադրած հինգկոճականի կցորդիչը։
Մեկ այլ լուսանկարում երևում է ԱԹՍ-ի ռադիատորը և վառելիքի բաքի մի մասը էլեկտրալարերի մի մասի հետ միասին:
Ներքևում ՝ կապույտով, վառելիքի պոմպի մի մասն է արտադրված բրիտանական «Andair Precision Aircraft Components» ընկերության կողմից, իսկ ձախից՝ կարմիր գույնով, «Beringer Aero» բրիտանա-ամերիկյան ընկերության արտադրած արգելակման համակարգի սկավառակի արգելակային մխոց:
ԱԹՍ-ի կառավարման վահանակի նկարում գիրոսկոպը ԱՄՆ արտադրության Northrop Grumman LN-200 IMU- ն է, որը նույնպես հայտնի է դարձել վերջերս: Սա հատկապես կարևոր է, քանի որ դա այն սարքն է, որի վրա հիմնված է ինքնաթիռի կառավարվող թռիչքը:
Ամփոփելով պետք է նշենք, որ իր դասի մեջ բավականին լավ պարամետրեր ունեցող թուրքական ԱԹՍ-ների ամենակարևոր բաղադրմասերից շատերը ներմուծվում են արտասահմանից: Առանց այս առաջատար տեխնոլոգիաների մատակարարման Bayraktar TB2-ը նվազագույնը կկորցնի իր մարտավարատեխնիկական բնութագրում առկա պարամետրերի մեծագույն մասը, իսկ առավելագույնը կարող է կասեցվել դրանց հետագա արտադրությունը: Կանադական գերժամանակակից տեսախցիկների նախորդ էմբարգոն արդեն իսկ գործնական դաշտում ցույց է տվել դրանց կարևորությունը արտադրության հետագա շարունակության համար:
Այսպիսով պետք է արձանագրենք, որ կանադական տեսախցիկների ու ամերիկյան արբանյակային կապի համակարգերի, ինչպես նաև ավստրիական շարժիչների մատակարարումն արդեն իսկ կասեցված է կամ կասեցման փուլում է։ Հոդվածում նշվածներին դեռ միայն ամերիկյան GARMIN և գերմանական TDW ընկերությունների մատակարարումները խոչընդոտելու ուղղությամբ դեռևս կատարվելիք աշխատանքի մեծ դաշտ կա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |