Հոդված13:55, 27 Օգոստոս 2018
Մի լուսանկարի պատմություն․ թուրք լրագրողին հիացրել է Փայլանի և նրա գործընկերների արարքը

Թուրքական «Diken» էլեկտրոնային պարբերականի սյունակագիր Մուրաթ Սևինչն անդրադարձել է նախօրեին Ստամբուլում ոստիկանության կողմից ճնշված «Շաբաթօրյա մայրեր» նստացույցին։ Հեղինակը մասնավորապես ուշադրություն է հրավիրել միջադեպի ընթացքում արված մի լուսանկարի վրա՝ ըստ այդմ հոդվածը վերնագրելով «Ակնթարթ»։ Լուսանկարում երևում է, թե ինչպես թուրքական մեջլիսի մի քանի պատգամավորներ, որոնց թվում նաև՝ հայ պատգամավոր Գարո Փայլանը, փորձում են կասեցնել ոստիկանության ապօրինի գործողությունները։ Վերջիններս ապարդյուն ջանում են բերման ենթարկել Հրանտ Դինքի որդուն՝ Արաթ Դինքին։
«Շաբաթօրյա մայրերը» հուզական հարց չէ, վերացական խղճի հարց չէ, թախիծի արտահայտման միջոց չէ, դա պարզապես միջոցառում չէ, այլ՝ քաղաքական համառություն։ Դա մանկական խաղ չէ, այլ մայրական կաթի պես «հալալ» իրավունքի պահանջ։
Արդեն 699 շաբաթ լուռ անցկացվող հավաքն անցյալ շաբաթ չարտոնվեց «իշխանության» կողմից։ Արգելվեց։ Այն, ինչն արգելել ուղղակի հնարավոր չէ», -գրում է հեղինակը։
Բայց նա անգամ չի ցանկանում քննարկել այդ արգելքի իրավական կողմը, դրա հակասահմանադրական լինելը։ Սևինչի խոսքով՝ սահմանադրությունն արդեն անիմաստ թեմա է, որովհետև սահմանադրությունն իրականում գոյություն ունի միայն այն դեպքում, երբ ժողովուրդը տեր է կանգնում դրան։ Իսկ Թուրքիայում ժողովուրդը, ըստ հեղինակի, բոլորովին տեր չի կանգնում իր սահմանադրությանը։
Սևինչին հատկապես հուզել է վերոնշյալ լուսանկարը և դրանում պատկերված անձինք։ Լուսանկարում Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորներն են՝ Ահմեթ Շըքը, Գարո Փայլանը, Հյուդա Քայան, Սերփիլ Քեմալբայը։ Նրանք փորձում են ոստիկանների ձեռքից ազատել Արաթ Դինքին։
«Գերբնական տպավորիչ, ազդեցիկ մի ակնթարթ ․․․
Այս հոդվածը գրվել է այդ լուսանկարում պատկերված մարդկանց համար։ Այնտեղ գտնվող բոլորի համար։ Ու նաև նրա համար, որ հնարավորություն ունենամ ասելու․ ես երջանիկ եմ, որ այդ լուսանկարում գտնվողների հետ նույն տարածքում եմ ապրում։ Հպարտ եմ, որ լուսանկարում գտնվողներն ու ես նույն երկրի քաղաքացիներն ենք»։
Հիշեցնենք, որ արդեն շուրջ 23 տարի (1995 թվականի մայիսի 27-ից)՝ ամեն շաբաթ օր, Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում հավաքվում են 1980-1990թթ․ չբացահայտված հանցագործությունների արդյունքում կամ քաղաքական ձերբակալություններից հետո անհետ կորած անձանց մայրերն ու հարազատները։ Նրանք նստացույց են կազմակերպում՝ իրենց հետ բերելով հարազատների լուսանկարները և պահանջելով բացահայտել նրանց անհետացման մեջ մեղավորներին։
2018թ․ օգոստոսի 25-ին՝ խաղաղ նստացույցերի կազմակերպման 700-րդ շաբաթ օրը, թուրքական ոստիկանությունը մահակներով և արցունքաբեր գազով ճնշում է գործադրել ցույցի մասնակիցների վրա՝ փորձելով ցրել այն։ Մի շարք անձինք բերման են ենթարկվել։ Ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել նաև Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդուն՝ Արաթ Դինքին, սակայն ընդդիմադիր HDP-ի պատգամավորները թույլ չեն տվել։ Ցույցին ներկա է եղել նաև հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով ամեն կերպ ջանացել է պաշտպանել անզեն ցուցարարներին, բայց նույնպես բռնության է ենթարկվել թուրքական ոստիականության կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Նշվում է, որ տարեկան արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Սիրիայում (45%), Հունաստանում (13.5 %) և Ադրբեջանում (8.8%)։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |