Քաղաքական09:01, 26 Ապրիլ 2018
Աբդուլլահ Գյուլը՝ կրկին նախագահի թեկնածու․ որքանո՞վ է հավանական
Թուրքական «Milliyet» թերթի կայքի սյունակագիր Գյուների Ջըվաօղլուն անդրադարձել է Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում Աբդուլլահ Գյուլի թեկնածության հարցին։
Վերջին շրջանում թուրքական մամուլում լուրեր էին տարածվել, թե Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է առաջադրվել ընդդիմադիր կուսակցությունների կողմից՝ որպես նախագահի միասնական թեկնածու։
Սակայն, ըստ Ջըվաօղլուի, Աբդուլլահ Գյուլի թեկնածության հարցն արդեն իր տեղը գտել է քաղաքական պատմության արխիվում։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և նախկին ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ-MHP) միջև ձևավորված կոալիցիայի դեմ Աբդուլլահ Գյուլի միասնական թեկնածության առաջադրումը ընդդիմադիր «Saadet Parti»-ի գաղափարն էր։
Սակայն ընդդիմադիր կուսակցություններն այս առումով այնքան էլ միասնական մոտեցում չեն ցուցաբերում։
Հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր «İYİ Parti» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն արդեն հրապարակավ հայտարարել է իր թեկնածու լինելու մասին։ Հետևաբար ոչ մի դեպքում նա հետ չի կանգնի իր խոսքից։
Մյուս կողմից, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներսում ևս Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը հավանության չի արժանացել։ Մասնավորապես ԺՀԿ–ից Մուհարրեմ Ինջեն սոցիալական ցանցերում կտրուկ դեմ է արտահայտվել Գյուլի թեկնածությանը։ Ընդ որում, որոշակի խոսակցություններ են պտտվում, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԺՀԿ-ն կարող է առաջադրել հենց Ինջեի թեկնածությունը։
ԺՀԿ խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելը ևս «Twitter»-ում կատարած մի գրառմամբ հայտարարել է․ «Գյուլի թեկնածությունն առաջադրելու հարցը երբեք չի եղել ԺՀԿ օրակարգում, այսօր էլ չկա, ապագայում էլ չի լինի»։
ԺՀԿ փոխնախագահ Վելի Աղբաբան ևս նշել է, որ ԺՀԿ-ում Աբդուլլահ Գյուլի վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում և վերջինս ընդհանրապես նրանց թեկնածուն չէ։
Այս ամենից հետո, ինչպես նկատում է հոդվածի հեղինակը, ԺՀԿ-ն այլընտրանք չունի, քան սեփական կուսակցությունից որևէ թեկնածու առաջադրելը։
Այս ամենից հետևում է, որ ընդդիմությունը բոլորովին միակարծիք չէ Աբդուլլահ Գյուլի թեկնածությունն առաջադրելու հարցում, իսկ Գյուլն ինքը չի կարող իր թեկնածությունն առաջադրել ընդդիմության անունից։ Ջըվաօղլուի կարծիքով՝ հունիսի 24-ի ընտրություներում կուսակցությունները, այդ թվում նաև՝ ԱԶԿ-ն և ԱՇԿ-ն, հանդես կգան իրենց առանձին թեկնածուներով։ Ընդդիմադիր դաշտում կոալիցիան հավանական է միայն «Saadet» և «İYİ» կուսակցությունների միջև։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |