Ցեղասպանություն13:44, 18 Մարտ 2015
Արա Սաղաթելյան. «Թուրքիան ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել փաստաթղթեր և արխիվներ»
ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանն ընդարձակ ելույթ է ունեցել «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա-ֆորումի բացման ժամանակ: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:
«Հարգելի հյուրեր, սիրելի գործընկերներ
Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում, որ ժամանակ ու հնարավորություն եք գտել մասնակցելու «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա- ֆորումի աշխատանքներին: Բարի գալուստ Հայաստան: «Արարատի ստորոտին» մեդիա-ֆորումը տարիների պատմություն ունի և արդեն դարձել է ավանդական: Պետք է ուրախությամբ նշեմ, որ մասնակիցների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է, մենք ձեռք ենք բերում նոր գործընկերներ, որոնց համար Հայաստանը դառնում է սիրված ու հարազատ վայր: Ես հատկապես ողջունում եմ այն մասնակիցներին, ովքեր առաջին անգամ են այցելում Հայաստան, և մաղթում, որպեսզի մեդիա-ֆորումի ընթացքում արդյունավետ աշխատանքից զատ, Դուք կարողանաք ծանոթանալ աշխարհի հնագույն երկրներից մեկին՝ Հայաստանին ու վայելել հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը: Ֆորումի հարգելի մասնակիցներ, Յուրաքանչյուր տարի մեդիա-ֆորումի թեման համընկնում է Հայաստանի համար տարվա խորհրդի հետ: Այս տարի ողջ հայ ժողովուրդը, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և նրա 1.5 միլիոն զոհերի հիշատակը: Հասկանալի է, որ այսօր մեկնարկող ֆորումի աշխատանքների ընթացքում մենք չենք կարող շրջանցել հարցերի այն լայն շրջանակը, որոնք առնչվում են մի կողմից ցեղասպանության և այն ծնող երևույթների, իսկ մյուս կողմից լրատվամիջոցների և լրագրողների մասնագիտական գործունեության հետ: Ցավոք, և այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, աշխարհի տարբեր անկյուններում պարբերաբար գործի են դրվում այլատյացության տարածման և ցեղասպան գործողությունների այն նույն մեխանիզմները, որոնք 20-րդ դարի սկզբին կիրառվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից: Եվ պետք է արձանագրել, որ շատ հաճախ այդ նպատակին ծառայեցվում են լրատվամիջոցները:
Սիրելի՛ գործընկերներ
Բոլորիդ համար փաստ է, որ Ցեղասպանությունների և առհասարակ այլատյացության ու խտրականության դեպքերի դեմ պայքարում չափազանց կարևոր է լրատվամիջոցների և լրագրողների մասնագիտական և սոցիալական պատասխանատվությունը: Այսօր, երբ տեղեկատվության ոլորտը դարձել է բաց և դինամիկ, երբ տեղեկատվական հոսքերի զգալի մասը ձևավորվում է ապակենտրոնացված՝ սոցիալական ցանցերի միջոցով, էլ ավելի մեծ կարևորություն է ստացել մեդիա ոլորտում պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության հարցը: Չճշտված տեղեկությունների տարածումը, ասեկոսեների լեգիտիմացումը ժամանակակից աշխարհում դարձել են լուրջ մարտահրավերներ, և եթե հասարակական կյանքի այլ ոլորտներում դա ինչ-որ տեղ կարելի է հանդուրժել և ժամանակի ընթացքում շտկել սխալները, ապա այնպիսի դեպքերում, ինչպիսիք են այլատյացությունը, ցեղասպանական գործողությունները և դրանց ժխտումը, լրատվամիջոցների անզգույշ ու անպատասխանատու վերաբերմունքը կարող է անդառնալի կորուստների բերել: Խոսելով ցեղասպանությունների իրականացման, դատապարտման և կանխարգելման գործում մամուլի դերի մասին՝ չեմ կարող չնշել, որ ամենամեծ մարտահրավերն այս դեպքում անտարբերությունն է: Քանի դեռ արժանի գնահատական չեն ստացել և չեն դատապարտվել նախկինում տեղ գտած հանցագործությունները, որևէ երաշխիք չկա, որ դրանք չեն կրկնվի: Իմ խորին համոզմամբ, լրատվամիջոցներն ու լրագրողները մեկ անելիք ունեն՝ ակտիվորեն իրազեկել ինչպես անցյալի ցեղասպանությունների, այնպես էլ մեր օրերում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների (ինչպես Մերձավոր Արևելքում կամ Սուդանում), այլատյացության սուր դրսևորումների մասին: Սիրելի գործընկերներ, Այստեղից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի և Թուրքիայի միջև Եվրոպայի վերջին փակ սահմանը: Աշխարհագրական սահմանին (մարդկանց և բեռների տեղաշարժի արգելմանը զուգահեռ), Թուրքիայի քաղաքական իշխանությունները սահմանափակում են տեղեկատվության ազատ շրջանառությունը և առաջին հերթին Ցեղասպանության թեմայի հետ կապված տեղեկատվության: Այնտեղ արգելափակված են հայկական բազմաթիվ կայքեր, այդ թվում նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված armeniangenocide100.org կայքը: Ըստ անհրաժեշտության, թուրքական իշխանությունները չեն վարանում արգելափակել նաև այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Youtube-ը, Facebook-ը և այլն: Թուրքիայի իշխանություններն այսօր տարբեր հնարքների են դիմում պատասխանատվությունից փախչելու համար և տեղեկատվական-տեխնիկական ու տեղեկատվական-հոգեբանական ոլորտներում իրականացնում բազմաթիվ միջոցառումներ. նախաձեռնում են զանազան գործընթացների իմիտացիաներ, ազգային տոներ հորինում՝ Ցեղասպանության տարելիցը ստվերելու նպատակով, ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել փաստաթղթեր և արխիվներ: Թուրքիայի քաղաքական վերնախավը դեռ չի հասունացել հասկանալու, որ ժամանակակից աշխարհում հերքելով կամ կասկածի տակ դնելով իրականությունը, այն փոխել հնարավոր չէ: Սահմաններ և պատնեշներ կառուցելով իրականությունից երկար թաքնվել հնարավոր չէ: Աշխարհագրական սահմաններից զատ՝ թուրք հասարակությունն ունի հոգեբանական պատնեշ, որի հաղթահարմանն է ուղղված նաև այս մեդիա-ֆորումը: Վերջին տարիներին թուրքական քաղաքացիական հասարակությունն աչքի է ընկնում Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրությամբ և այս հարցում պաշտոնական տաբուները խախտող խիզախ դրսևորումներով: Մենք ողջունում ենք պատմական ճշմարտության հետ առերեսվելու որոշ թուրքերի պատրաստակամությունը: Սույն թվականի հունվարի 29-ին ընդունված Համահայկական հռչակագրում հայ ժողովուրդը իր զորակցությունն է հայտնել նրանց, մեջբերում եմ, «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այդ հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման»: Միանշանակ է, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակվել է Թուրքիայի կողմից, պետք է անմիջապես և առանց նախապայմանների բացվի: Բայց կարծում եմ, որ աշխարհագրական սահմանը բացելուց առաջ համապատասխան կաղապարներն ու կարծրատիպերը պետք է կոտրվեն թուրք հասարակության և Թուրքիայի քաղաքական վերնախավի ուղեղներում: Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել ձեզ հետ միասին՝ օրը 24 ժամ և շաբաթը 7 օր, և շատ կարևորում ենք, որ միջազգային մամուլում ավելի շատ լուսաբանվեն ինչպես Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, այնպես էլ մերօրյա Հայաստանի, Արցախի զարգացման, հայկական Սփյուռքին վերաբերող հարցերը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում մեր ընդհանուր ջանքերի և նպատակասլացության շնորհիվ, մենք հնարավորություն կունենանք «Արարատի ստորոտին» հերթական մեդիա ֆորումը անցկացնել պատմական Հայաստանի տարածքում՝ բիբլիական Արարատ լեռան լանջին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն։
Էրդողանը ելույթ է ունեցել թուրքական ժանդարմերիայի «Gökbey» ուղղաթիռների վերաթարմացված մոդելի հանձնման արարողությանը։
Պատճառն այն է, որ նրանք աջակցություն են ցուցաբերել պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին։
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համապատասխանությանը։
ԺՀԿ-ական քաղաքապետի ձերբակալությունից հետո կուսակցապետը հայտարարել է հրատապ ժողով գումարելու և խորհրդարանական հանձնաժողովների նիստերին այլևս չմասնակցելու մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |