Հոդված13:55, 03 Հուլիս 2019
Թուրքագետի անդրադարձը Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի «Մագիլ» օպերացիային
Առ այսօր շարունակվում են Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունները: Դրանց մասին պարբերաբար տարածվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները:
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ` «Մագիլ» օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հյուսիսիրաքյան հենակետերը:
Այս ընթացքում գործի են դրվել Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ուժեր, ինքնաթիռներ, հաուբիցներ և սեփական արտադրության «ATAK» տեսակի հարձակողական ռազմական ուղղաթիռներ։ Առաջին անգամ այս օպերացիայում թուրքական զինուժը կիրառել է տեղական արտադրության «Bora» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը:
Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժի հարվածներից սպանվել է 60 քուրդ զինյալ, իսկ Քանդիլի, Ավաշինի, Զափ, Բասյանի և Մեթինայի շրջաններում 54 զինյալ:
Հաքուրք, Ավաշին և մյուս շրջանները գտնվում են PKK-ի գլխավոր հենակետի՝ Քանդիլի արևմտյան հատվածում:
Նկատենք, որ 1992թ. ի վեր Թուրքիան պարբերաբար ռազմական օպերացիաներ է իրականացնում Իրաքի հյուսիսի տարբեր շրջաններում: «Մագիլ» ռազմական գործողությունից առաջ Թուրքիան վերոհիշյալ շրջաններում վերջին ռազմգործողություններն իրականացրել էր 2018թ. հունիսին` նախագահական ընտրություններից առաջ:
Հատկանշական է, որ ինչպես անցյալ տարի հունիսին Թուրքիայի զինուժի կողմից իրականացված գործողությունները, այնպես էլ սույն տարի մեկնարկած «Մագիլ» ռազմական օպերացիան համընկնում էին նախընտրական շրջանների հետ և հիմնական նպատակը իշխող ուժի կողմից լրացուցիչ քվեների կորզելն էր:
Պատահական չէ, որ Թուրքիայում գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), որը դեռևս մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կազմել էր «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, սատարեց Ստամբուլի նոր ընտրությունների նախաշեմին սկսված այդ ռազմագործողությունները:
MHP-ի կուսակցապետ Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ պետք է ոչնչացվեն PKK-ին պատկանող ողջ զինտեխնիկան, թաքստոցները և հավելեց, որ այդ նույն ռազմական գործողությունները պետք է կիրառվեն նաև Սիրիայի քրդերի` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների նկատմամբ:
Հարկ է նշել, որ Թուրքիան PYD/YPG-ի ուժերը նույնացնում է PKK-ի հետ և համարում վերջինիս սիրիական թևը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (HDP-ԺԴԿ), ապա այն քննադատեց «Մագիլ» օպերացիան և PKK-ի դեմ ուղղված հարվածները որակեց որպես միջազգային իրավունքի խախտում: Քրդամետ կուսակցությունը իշխանություններին մեղադրեց երկրում առաջացած տարատեսակ ճգնաժամերն ավելի խորացնելու մեջ: Նշվեց, որ Թուրքիան վերջին 40 տարում նմանատիպ 30 օպերացիա է իրականացրել և բացի մարդկային կորուստների աճից և երկրի ռեսուրսների սպառումից, որևէ օգուտ չի քաղել:
Մյուս հանգամանքը կարող ենք դիտարկել PKK-ի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության համատեքստում: Թուրքիան այս և մնացած ռազմական օպերացիաներով ցանկանում է հետ մղել PKK-ի՝ Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված զինյալներին` դեպի Քանդիլի լեռներ:
Իշխանությանը մոտ կանգնած լրատվականներում հանդիպում ենք «Հաջորդը Քանդիլն է» կամ «2-րդ քայլը Եփրատի արևելքն է» վերտառությամբ հոդվածների, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել սիրիական տարածքներում:
Բացի այդ, պետք է նշել, որ PKK-ի նկատմամբ վարած արտաքին քաղաքականության գլխավոր թիրախը հենց Քանդիլն է, ուստի կարելի նկատել, որ այս գործողությունները ուղղված են Քանդիլի շրջափակմանը և PKK-ի գործողությունների նվազեցմանը:
Հարց է առաջանում, թե Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ե՞րբ հարվածներ կհասցնեն PKK-ի քանդիլյան հենակետերին. մի փոքր բարդ է ասել, սակայն բացառելի չէ, որ Թուրքիան այժմ PKK-ի վերահսկողության տակ գտնվող շրջանները քուրդ զինյալներից «մաքրելուց» հետո հնարավոր է նոր ժամանակավոր ռազմաբազաներ տեղակայի (ինչպես նախկինում է արել), այդպիսով փորձելով արգելք ստեղծել PKK-ի հնարավոր գործողությունների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ermenihaber.am-ը ներկայացնում է 2023-ի վերջին և 2024-ի սկզբին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Անկարայից հնչած հայտարարությունները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |