Հարցազրույց14:51, 24 Ապրիլ 2019
Մերօրյա Թուրքիան կրկնում է նույն սխալները, ինչ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրությունը 1 դար առաջ
Սիրիական հակամարտության ներկա շրջափուլում առկա հիմնական խնդիրների և այդ երկրում ու մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության, դրա պատմական պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:
- Վերջին տարիներին սիրիական հակամարտության շրջանակներում արձանագրված զարգացումներում կարևոր դերակատարություն ունի նաև Թուրքիան: Ինչպե՞ս կբնութագրեք Անկարայի ներգրավումն այդ գործընթացներին:
- Անշուշտ, 2017թ. սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Աստանայի ձևաչափի» գործարկումից հետո մյուս գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ միասին կարևոր դերակատարում ստանձնեց նաև Թուրքիան՝ շրջադարձային փոփոխություն կատարելով սիրիական քաղաքական ուղեգծում: Ըստ էության, Անկարային վերապահված էր հիմնականում հակակառավարական խմբավորումների վրա ազդելու գործառույթը, որն էլ մասամբ իրականացվեց: Այս ուղղությամբ իրավիճակն անկայուն է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում, որտեղ Թուրքիային չի հաջողվում լիովին վերահսկել շրջանում գործող ընդդիմադիր խմբավորումներին:
Խնդիրն ավելի է բարդացնում նաև շրջանում «Ալ-Կաիդայի» ճյուղավորման՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման որոշիչ ներկայությունը, որը հավելյալ բարդություններ է ստեղծում Թուրքիայի համար՝ «Աստանայի ձևաչափում» ստանձնած պարտավորությունները լիովին կատարելու համար: Նշվածին զուգահեռ Թուրքիան տրամագծորեն հակառակ՝ ապակառուցողական դերակատարում ունի Սիրիայի քրդաբնակ շրջաններում՝ ընդգծված պառակտիչ քայլերով խաթարելով այս ուղղությամբ իրավիճակի բարելավմանը: Հենց Թուրքիայի նման գործելաոճի պատճառով է, որ մինչ այժմ չի իրականացվել ամերիկյան զորախմբի դուրսբերումը Սիրիայից, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս անցած տարեվերջին: Ի վերջո, Սիրիայի քրդաբնակ շրջաններից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո լուրջ մտավախություններ կան՝ կարող են տեղի ունենալ ողբերգական իրադարձություններ, որոնց մասին առնվազն քրդերը բազմիցս են ահազանգել:
- Ի՞նչ ի նկատի ունեք «ապակառուցողական դերակատարում» ասելով:
- Թուրքիան իր անզիջում նախապայմաններով, սեփական զինված ուժերի, հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների միջոցով անթաքույց կերպով պարբերաբար սրում է իրավիճակը Սիրիայի հյուսիսիում՝ Եփրատ գետից արևմուտք ընկած հատվածներում, իսկ դեպի արևելք ենթադրյալ անվտանգության գոտու ստեղծման ծրագիրն իր խորքում նախատեսում է էթնիկ զտումներ՝ սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատվածում, որը ներկայում բնակեցված է քրդերով, ինչպես և սահմանի հակառակ կողմում: Իսկ թուրքական իշխանություններն իրենց ծրագրերում նպատակ ունեն Սիրիայի հյուսիսում ստեղծել միջանկյալ՝ բուֆերային գոտի՝ այն բնակեցնելով հիմնականում Անկարային լոյալ սուննի արաբներով, թուրքոմաններով և այլն:
- Ձեր նշած գործողությունները համարվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այդպես չէ՞:
- Միանշանակ այդպես է: Ասեմ ավելին, այսօրվա Թուրքիայի գործողությունները հատկապես Սիրիայի հյուսիսում նաև սիրիահայ համայնքի դեմ իրենց հիմքում ևս ունեն ցեղասպանային բաղադրիչներ, ինչպես սրանից շուրջ 1 դար առաջ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը՝ անշուշտ, նոր դրսևորումներով նոր խնդիրներին համահունչ և նոր գործիքակազմով. օրինակ, նույն Սիրիայում 2014թ. Քեսաբի հայ բնակչության դեմ ծրագրված հարձակումը ձախողվեց վերջնարդյունքի մասով:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ասորիների, հույների և հատկապես շուրջ 1,5 մլն հայերի ցեղասպանությունը ծրագրելով և իրականացնելով՝ Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտում էին սեփական խնդիրները լուծել տեղաբնիկ ժողովուրդներին արմատախիլ անելու եղանակով: Այսօրվա Թուրքիան հատկապես քրդերի հետ կապված խնդիրները նման տրամաբանությամբ լուծում է ինչպես սեփական տարածքում, այնպես էլ դրանից դուրս՝ նրանց կոտորելու, տեղահանելու, եղանակով: Սիրիայի երբեմնի քրդաբնակ Աֆրինում ստեղծված իրավիճակն ամենավառ օրինակն է, երբ առնվազն վերջին 3 դարերի ընթացքում քրդերով բնակեցված շրջանում այսօր գրեթե քրդեր չեն մնացել: Այսօր Աֆրինը վերաբնակեցվում է Թուրքիային լոյալ էթնիկ և կրոնական խմբերով, իսկ շրջանի հանրային կյանքի բոլոր ոլորտները կարգավորվում են Թուրքիայի որևէ վարչական միավորին բնորոոշ քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական և այլ մեխանիզմներին համապատասխան:
Ավելին, Թուրքիայի նման մոտեցումն ու գործելաոճն ընդօրինակվել է կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից՝ 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Մարաղայում և այլ շրջաններում բնիկ հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանային գործողությունները նշվածի վառ ապացույցն են, իսկ հայատյացությունն Ադրբեջանում այսօր էլ համարվում է պետական գաղափարախոսության առանցքային բաղադրիչ:
- Բայց չէ՞ որ միջազգային հանրությունը փորձում է զսպել Թուրքիայի գործողությունները:
- Որևէ առարկայական քայլ ես չեմ տեսնում, և դա շատ մտահոգիչ է։ Ափսոսանքով, դարձյալ պետք է հիշեցնեմ մեկդարյա վաղեմության դեպքերը, երբ Օսմանյան կայսրության ցեղասպան գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն ընդամենը մի քանի տասնամյակ անց հանգեցրեց իր մասշտաբներով շատ ավելի մեծ աղետի: Ավելին՝ անգամ նորագույն պատմության ընթացքում նման դեպքերը եզակի չեն եղել:
Մերօրյա Թուրքիան բավականաչափ անկանխատեսելի է, վտանգավոր, ագրեսիվ, հավակնոտ, ամեն կերպ խուսափում է առերեսվել սեփական պատմության հետ, ավելին, վարում է անզիջում ժխտողական քաղաքականություն անգամ սպառնում է, լարվածություն ստեղծում ընդամենը մարդկության և պատմության առջև սեփական բարոյական պարտքը կատարած երկրների հետ հարաբերություններում: Իսկ բազմաթիվ, այդ թվում՝ կարևոր դերակատարներ շարժվում են սեփական նեղ շահերով՝ խուսափելով Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից:
- Եվ նման կերպ ստեղծում նոր խնդիրներ, հավելյալ լարվածություն, այդպես չէ՞:
- Միանգամայն իրավացի եք: Գիտե՞ք, հանրապետական Թուրքիայի բոլոր իշխանությունները, նրանց վարած քաղաքականության հետևանքով՝ նաև թուրք հասարակության մի ստվար հատված անցած տասնամյակների ընթացքում ամեն կերպ խուսափել են առերեսվել սեփական պատմության հետ, ինչն ուղղակիորեն բավական լուրջ և տարաբնույթ բարդույթներ է առաջացրել հարևան երկրում: Այդ իրավիճակն այսօր էլ դրսևորվում է ինչպես Թուրքիայի ներսում՝ հասարակության տարբեր շերտերի, խմբերի փոխհարաբերություններում, այնպես էլ երկրից դուրս՝ հարևանների, անգամ մերձավոր դաշնակիցների հետ շփումներում: Մինչդեռ նույն Թուրքիայում պետք է վաղուց հասկանային, որ պատմական ճշմարտությունն ընդունելը, ժխտողականությունից հրաժարվելը, իրավանախորդների անունից իրենց հասարակության մի միավորից ներողություն հայցելը բացառապես իրենց իսկ շահերից է բխում՝ առավել ժողովրդավարական, տարաբնույթ խնդիրներից ձերբազատված պետություն ու հանդուրժողական, միասնական հասարակություն կառուցելու տեսանկյունից: Չէ՞ որ դրա վառ օրինակն էլ կա՝ Գերմանիան, որը ճիշտ ժամանակին ընդունելով սեփական սխալները՝ կարողացավ հիմք դնել և հասնել Եվրոպա աշխարհամասի, ինչու ոչ՝ ժամանակակից աշխարհի ամենաօրինակելի պետություններից և հասարակություններից մեկի ձևավորմանը:
Ի վերջո, դարձյալ պետք է հավաստեմ՝ թուրքական բոլոր պետությունների վարած և այսօր էլ իրականացվող վերոնշյալ քաղաքականությունը անհեռատես է և վաղ թե ուշ դատապարտված է ձախողման։ Դրա պատմական ապացույցն էլ կա։ Ոչ միայն չհաջողվեց թողնել «միայն մեկ հայ, այն էլ թանգարանում», այլ տրամագծորեն հակառակը՝ այսօր կան հայկական 2 պետություններ, ուժեղ Սփյուռք, իսկ Հայաստանը հնարավոր բոլոր ատյաններում առաջամարտիկն է մերօրյա աշխարհում մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունների դեմ պայքարում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Պատգամավորը հայտնում է, որ ասորիների թիվն այժմ տարածաշրջանում խիստ նվազել է։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |