Իրավական07:07, 18 Հունվար 2019
Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել:
Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել:
Փայլանն իր առաջարկում հիշատակել է նաև Դինքի նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ (Թուրք ժողովրդին ու Թուրքիայի պետական կառույցները վիրավորելը) հոդվածով իրականացված հետաքննությունները, որոնք Դինքին դարձրեցին ազգայնականների թիրախ:
«Հրանտ Դինքը «Ակոս» թերթում Սաբիհա Գյոքչենի մասին հրապարակած հոդվածից (06.02.2004) հետո հայտնվեց ռասիստ շրջանակների թիրախում: Հոդվածից հետո գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, ապա Դինքը կանչվեց Ստամբուլի նահանգապետարան ու «զգուշացվեց»: Դրանից հետո էլ Դինքի նկատմամբ 2005 թվականի ապրիլի 16-ին քր. օրենսգրքի 301-րդ հոդվածի (թրքությունը վիրավորելու) հատկանիշներով դատավարություն սկսվեց: Դատարանը դատավճիռ կայացրեց (6 ամսվա ազատազրկման): Բարձրագույն դատարանն էլ վճիռը հաստատեց՝ չնայած մասնագիտական զեկույցի ու դատախազի առարկությանը:
Այն գործընթացը, որը հանգեցրեց նրա սպանությանը, ուղեկցվում էր մեդիայի միջոցով նրա հայկական ինքնությունը ռասիստ ու ազգայնամոլական խմբերի թիրախը դարձնելով: «Թուրքերի թշնամի հայ» ու այլ պիտակավորումների միջոցով Դինքին իսկական թիրախ դարձրեցին: Կառավարությունը չկանգնեցրեց Դինքի թիրախավորման գործընթացը, չքննադատեց մեդիայում նրա դեմ կիրառվող ատելության լեզուն, ճիշտ հակառակը՝ կառավարության անդամները իրենց արտահայտություններով ավելի նպաստեցին նրա սպանության համար պայմաններ ստեղծվելուն» ասել է հայ պատգամավորը մեջլիսին ներկայացրած առաջարկում:
Փայլանը նշել է, որ պետական մարմինների տարբեր ներկայացուցիչներ տեղեկացված են եղել Դինքի սպանության ծրագրի մասին, սակայն ոչինչ չեն արել այն կանխելու համար, դեռ ավելին՝ Դինքի մարդասպանը ձերբակալված ու Սամսունի ոստիկանության տեղափոխվելուց հետո ոստիկանության աշխատակիցների կողմից «հերոս»-ի պես է ընդունվում: Փայլանը հիշեցրել է, որ դա ապացուցող լուսանկարները հայտնվել էին մամուլում:
«Անհրաժեշտ է, որ մեջլիսը դեպքի պատասխանատուներին բացահայտելուն աջակցելու, հանրային խիղճը հանգստացնելու ու այդպիսով նման ողբերգությունները կանխելու կամք ցուցաբերի: Այդ պատճառով էլ ցանկանում և պահանջում ենք, որ խորհրդարանում ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի»,- եզրափակել է Փայլանը:
Առաջարկը դրվել է քվեարկության, սակայն մերժվել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) քվեներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |