Հասարակական12:00, 02 Մայիս 2017
Թուրք վերլուծաբանը «բացահայտում է» գյուլենականների հայկական ծրագիրը

Թուրքական մամուլը և թուրք վերլուծաբաններն իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սկսված հակամարտությունից հետո շատ հաճախ Գյուլենի և նրա հիմնած համայնքի անունը կապում են հայերի, հայկական հարցի ու սփյուռքի հետ:
Նշենք, որ Գյուլենի և Էրդողանի բացահայտ հակամարտությունը սկսվեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն սկանդալի բացահայտմամբ: Այդ ժամանակ Գյուլենի հետևորդ դատախազների կարգադրությամբ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեցին Էրդողանի կողմնակից ազդեցիկ գործարարներ, նախարարների որդիներ: Գյուլենի անունը կապվեց նաև 2016 թվականի հունիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ: Ըստ թուրքական իշխանությունների և մամուլի՝ հեղաշրջում կատարելու հրաման տվել էր հենց Գյուլենը:
Վերլուծաբան Օրայ Էղինը «FETÖ-ի հայկական սերը» հոդվածում անդրադարձել է պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության և Հայկական հարցում «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ՝ թուրքական լրատվամիջոցները այսպես են ներկայացնում Գյուլենի հիմնած կառույցը՝ գյուլենական համայնքը) դիրքորոշմանը: Թուրքական «Haberturk» լրատվական կայքում հրապարակված հոդվածում գյուլենականները մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու, իսկ Հայկական հարցում հայերին աջակցելու մեջ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը հարցում Գյուլենի հետևորդների դիրքորոշմանը՝ Էղինը նշել է, որ նրանք սոցցանցերում ցեղասպանության մասին գրառումներ են հրապարակել՝ այդ կերպ «տեր կանգնելով» Հայկական հարցին:
Հոդվածի հեղինակը Հայկական հարցում գյուլենականների դիրքորոշմանը հակադրում է Դինքի սպանությունը: Նա գրում է, որ հայ լրագրողի սպանությունը պետական ապարատում պաշտոնավարող գյուլենականների ձեռքի գործն է և որպես այս խոսքերի ապացույց հղում է անում Դինքի գործով կազմված 3-րդ մեղադրականի տեքստին: Ըստ այդ մեղադրականի՝ գյուլենականները սկզբից մինչև վերջ հետևել են սպանությանը, չեն կանխել հանցագործությունը, անգամ մարդասպան Օգյուն Սամասթի հետ բանտում թուրքական դրոշով նկարված ոստիկանները գյուլենական են եղել:
Հեղինակը ցեղասպանության հարցում գյուլենականների դիրքորոշումը «նոր մարտավարություն» է անվանել, որով գյուլենականները մինչև Դինքի գործում իրենց մեղքն ապացուցող նոր մեղադրականի հրապարակումը փորձել են «հայերի բարեկամ» ներկայանալ:
«Որպեսզի քամին իրենց հակառակ չփչի, վաղը մյուս օրը սփյուռքին «Տեսեք, մենք միշտ ձեր բարեկամն ենք եղել» կասեն: Գուցե իրենց շատ խելացի, մեզ էլ հիմար են համարում: Ի՞նչ է, կարծում են՝ այս շինծու մարտավարությունը հնարավոր չէ՞ հասկանալ»,- գրում է Էղինը՝ ընդգծելով, որ Դինքի սպանությունից գլուխները հեշտ չեն ազատելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |