Տարածաշրջան08:14, 15 Նոյեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Անկարան օգնում է Բաքվին Ղարաբաղի հարցում, իսկ կիպրական հարցում չկա Բաքվի աջակցությունը»

Վերջին շրջանում Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի իրադարձությունները պատճառ դարձան, որ Մերձավոր Արևելքի վրա բևեռվի շատ մեծ ուշադրությունը, ինչը կարծես թե ստվերում թողեց մեկ այլ տարածաշրջան` կովկասյանը: Նման կերպ կարծող թուրք սյունակագիր Սամի Քոհենը «Միլլիյեթ» թերթում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ալիևի` Թուրքիա կատարած պաշտոնական այցին, որը աշխուժացրեց Կովկասի հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը:
Հոդվածագիրը
նշում է, որ նշյալ տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և մշակութային
տեսանկյունից Թուրքիային ամենամերձ երկիրն Ադրբեջանն է: Հոդվածագիրը, հիշեցնելով
իշխանավորների կողմից հաճախ հնչեցվող հայտնի արտահայտությունը`«մեկ ազգ, երկու
պետություն», տարակուսանք է հայտնում, թե դա իրականում այդպես է:
«Պետք է նկատել, որ նման բնութագրության համար դեռևս լիովին չեն ձևավորվել անհրաժեշտ բոլոր պայմանները: Օրինակ` երկու երկրների միջև դեռ չի հանվել մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը: Առայժմ շարունակվում է դրա դյուրացման գործընթացը»:
Գալով ղարաբաղյան հիմնախնդրին` Սամի Քոհենը նկատել է տալիս քաղաքական հարթակներում Անկարայի անվերապահ աջակցությունը պաշտոնական Բաքվին և միևնույն ժամանակ նշում է, որ Ադրբեջանը նույն աջակցությունը ցույց չի տալիս Թուրքիային կիպրական հարցում: Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հնչեցրած այն միտքը, թե Ադրբեջանի խնդիրը Թուրքիայի ներքին խնդիրն էլ, ըստ հոդվածի հեղինակի, շրջանառության մեջ է դրվել 4 տարի առաջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություն ստորագրելուց հետո:
«Արձանագրություններով նախատեսվող Թուրքիայի պարտավորությունը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու մասին, Ալիևին շատ խիստ անհանգստացրել էր: Եվ քանի որ Ադրբեջանից կոշտ արձագանքներ եղան, Էրդողանը շտախեց Բաքու և հայտարարեց, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Երևանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի: Այդպիսով հաղթահարվեց Բաքվի հետ եղած ճգնաժամը, բայց փոխարենը զրոյացվեց Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը»:
Սամի Քոհենը նշում է, որ Անկարան համոզված է, թե ղարաբաղյան հիմնահարցի լուծումից հետո միանգամից կվերանա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտը: Բայց քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին 2 տասնամյակում չի հասել ոչ մի շոշափելի արդյունքի, իսկ հայերն էլ մտադիր չեն հող վերադարձնել ադրբեջանցիներին, ապա, ըստ Քոհենի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա պահին գրեթե անհնար բան է: Բայցևայնպես նա հիշեցնում է, որ թուրքական դիվանագիտությունը որոշ ջանքեր է գործադրում ղարաբաղյան խնդրի լուծման համար: Օրինակ վերջերս արտգործնախարար Դավութօղլուն «NTV»-ին տված հարզազրույցում ասել էր, որ Անկարան որոնում է հիմնախնդրի լուծման ձևաչափեր և դրանք քննարկում Մինսկի խմբի երկրների հետ:
«Տեսնես արդյուն կտա՞ այդ «լուռ դիվանագիտությունը», թե՞ չէ»,- տարակուսանքով եզրափակվում է հոդվածը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |